Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնի իջեցում չեմ համարի. «Ժողովուրդ»

Մայիս 25,2017 11:55

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով իր՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին նշանակման հնարավորության թեմային, ասաց. «Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում»։

Ինչպես հայտնի է՝ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը, հրաժեշտ տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին՝ ընտրվելով ԱԺ փոխնախագահ։ Ու տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է արդարադատության նախարարի հնարավոր թեկնածուների անունները, որոնցից մեկը Սերժ Սարգսյանի օգնական Հրայր Ղուկասյանն է։

Սակայն այսօրվա դրությամբ առավել հավանական է Դավիթ Հարությունյանին նախարար նշանակելու տարբերակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ մայիսի 30-ին Ազգային ժողովում քննարկվելու է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը, որով նախատեսվում է կրճատել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը՝ թողնելով միայն ղեկավարի հաստիքը։ Այսինքն՝ Դավիթ Հարությունյանի պաշտոնը «կիսվում է», կորցնում իր իմաստը։ Այնպես որ, նրա նախարար դառնալը տեխնիկայի հարց է։ Ու նախարարությունում արդեն սպասում են Հարությունյանի վերադարձին։

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար եղել է 1998 թվականից մինչեւ 2007 թվականը։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի հետ բլից զրույց ունեցավ՝ հասկանալու համար, թե արդյոք պաշտոնի իջեցում չէ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնից ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը։

– Պարոն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է այն հարցը, որ Դուք եք լինելու ՀՀ արդարադատության նախարար։ Առաջարկ ստացե՞լ եք Սերժ Սարգսյանից։

– Երբ անհրաժեշտ լինի, ես դրա մասին հրապարակավ կասեմ։

– Դուք 1998 թվականից մինչեւ 2007 թվականը եղել եք ՀՀ արդարադատության նախարար, նորի՞ց կպատրաստվեք հետ գնալ, չե՞ք հոգնել։

– Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ դրա մասին նոր կարող եմ խոսել։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031