Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոմպավարների եւ ջրբաշխների  աշխատավարձը չեն տվել

Մայիս 25,2017 11:35

Լուծարված Նոյեմբերյանի ջուր  օգտագործողների ընկերության(ՋՕԸ) շուրջ 40 աշխատակիցներ «Իջեւան», «Նոյեմբերյան» եւ «Ուտիք» ՋՕԸ- երի միավորման արդյունքում ստեղծված   «Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրի Ոսկանյանի հետ օրերս տեղի ունեցած  հանդիպման ժամանակ մի շարք դժգոհություններ էին ներկայացրել, ասելով, որ եթե իրենց պահանջները շուտափույթ չկատարվեն, իրենք միասնաբար  աշխատանքից դուրս կգան:  Պահանջներից մեկը վերաբերում էր նախորդ տարիներից առկա աշխատավարձի մեծ  պարտքերի մարմանը: Առկա են աշխատավարձի 4-5 ամսվա պարտքեր, սակայն աշխատող կա, ով 12 ամսվա աշխատավարձ պետք է ստանա: Նոյեմբերյանի  ՋՕԸ ջրբաշխ Սաշիկ Զալինյանը այդ հարցով  մարտի 18-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Տավուշ» ՋՕԸ տնօրենին հարցրի՝ աշխատավարձերի պարտքերը մարվե՞լ են: Նա ասաց, որ Նոյեմբերյանի ՋՕԸ-ի լուծարումից հետո մնացել է 69 միլիոն դրամի պարտք, որի կեսը արդեն մարվել է: Այդ պարտքը ոչ միայն չվճարված աշխատավարձերն են , այլ նաեւ՝ հարկային չկատարված պարտավորություններ , այլ կազմակերպություններին  ունեցած ֆինանսական պարտավորություններ: Որոշվել է Նոյեմբերյանի ՋՕԸ  աշխատողների աշխատավարձերի վճարման առաջնահերթությունը, առաջնահերթ մարվել են նրանց պարտքերը ովքեր աշխատավարձի ավելի  մեծ գումար ունեն ստանալու, ում սոցիալական վիճակն ավելի վատ է: 2017թ. պետական բյուջեից 31 միլիոն դրամ է  ուղղվելու Նոյեմբերյանի նախկին ՋՕԸ-ի աշխատողների պարտքերի մարմանը:  Յուրի Ոսկանյանը հայտնեց,որ  նոր պարտքեր են ի հայտ գալիս: Հայաստանում գործում է  էքսկավատորների տեխնիկական սպասարկում կատարող  հիմնարկություն, որը  ծառայություններ  է մատուցել նաեւ Նոյեմբերյանի ՋՕԸ-ին:  2013թվականից սկսած այդ ընկերության մատուցած ծառայությունների համար Նոյեմբերյանի ՋՕԸ-ում   ֆինանսական փաստաթղթեր չեն պատրաստվել, եւ լուծարված Նոյեմբերյանի ՋՕԸ-ից   «Տավուշ»  ՋՕԸ-ին փոխանցված պարտքերի ցանկում այդ հիմնարկության անունը չկա:  Այժմ որոշում են, թե ինչպես լուծել նախկինում առաջացած խնդիրը:

Յու. Ոսկանյանն ասաց, որ  Նոյեմբերյանի ՋՕԸ-ի աշխատակազմում  գրեթե փոփոխություներ չեն կատարվել, 2 ավագ պոմպավարներ,ովքեր թերացել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու մեջ, նաեւ  կենսաթոշակային տարիքի են, ազատվել են  աշխատանքից: Ոռոգման ջուր մղող,  օրումեջ հերթապահող   պոմպավարները աշխատում  են բարձր աղմուկի պայմաններում, նրանց աշխատավարձը  հանրապետությունում ընդունված նվազագույնն  է՝ 55 հազար դրամ: «Տավուշ» ՋՕԸ տնօրենին ասացի,  թե ցածր չէ՞ նրանց ռոճիկը: Նա համաձայնվեց, ասելով, որ ընկերության խնայողություների հաշվին իրենք ցանկանում են բարձրացնել պոմպավարների աշխատավարձի չափը:

Մայիսի 25-ին ջրբաշխ Սաշիկ Զալինյանը մեզ հայտնեց, որ Յուրի Ոսկանյանը  նոյեմբերյանցի պոմպավարներին եւ ջրբաշխներին  աշխատանքի ընդունելու հրամանը դեռեւս չի տվել, նրանց՝ շուրջ 15 հոգու հետ, աշխատանքային պայմանագիր չի կնքել, իրենք  ապրիլ ամսվա իրենց աշխատանքի համար չեն վարձատրվել;  Նախատեսված էր, որ այդ խնդիրները քննարկելու համար մայիսի 25-ին Յու. Ոսկանյանը Նոյեմբերյանի տարածաշրջան պետք է ժամաներ, պոմպավարների, ջրբաշխների հետ հանդիպեր, սակայն նա  չի գնացել: «Տավուշ»  ՋՕԸ  Նոյեմբերյանի տեղամասի  աշխատողներն ասացին,որ Յու. Ոսկանյանի քրոջ որդին  ջրային տնտեսության  պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն է , այդ պատճառով Ոսկանյանը   «թիկունքը պինդ է զգում» եւ աշխատողների հետ կամայական ձեւով վարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031