Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կքվեարկեն կառավարության ծրագրին. «Ժողովուրդ»

Մայիս 25,2017 11:30

«Ծառուկյան» դաշինք խմբակցությունը դեռեւս չի քննարկել՝ արդյո՞ք Կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու, թե դեմ։ Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը։ Ո՞րն է դաշինքի համար ընդդիմություն լինելու չափանիշը, այն, որ դաշինքի անդամները հայտարարում են՝ եթե իշխանություն չենք, ապա ընդդիմություն ենք, թե այլ պատկերացումներ եւս կան. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ։

– Պարոն Գրիգորյան, Ձեր ցանկությո՞ւնն էր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվելը, թե՞ դաշինքն է այդպես որոշել։

– Կարող էի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրվել, բայց ես ավելի շատ նպատակահարմար գտա այս հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվել։ Ես երկար ժամանակ աշխատել եմ մեր մարզպետարանում որպես բաժնի վարիչ, քաղաքապետարանում որպես բաժնի վարիչ, երկար ժամանակ եղել եմ այս ոլորտում։

– Այնուամենայնիվ, տեսակետներ հնչեցին, որ Դուք ավելի արդյունավետ կարող էիք ղեկավարել գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ որպես նախկին ռեկտոր։ Ի՞նչ կասեք։

– Բայց կրթությունը միայն բռւհական համակարգով չի սահմանափակվում։ Կրթությունը ավելի լայն դաշտ է՝ կրթություն, հանրակրթություն, ավագ դպրոցներ, հետբուհական կրթություն, չգիտեմ՝ ավելի մեծ ոլորտ է ընդգրկում։

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի հետագա գործունեությունը Գյումրու ավագանու նիստերին։ Մինչեւ ե՞րբ եք շարունակելու բոյկոտել նիստերը։

– Փաստորեն հրաժարվելու եմ Գյումրու ավագանու կարգավիճակից, որովհետեւ մի խորհրդի անդամ կարող եմ լինել։ Եւ ասեմ, որ մենք հասարակությանն իրազեկել ենք, որ կդիմենք Սահմանադրական դատարան, ՍԴ-ի որոշումից հետո երեք կուսակցությունները կհավաքվեն, կքննարկեն եւ ընդունված որոշման մասին կիրազեկեն հասարակությանը։ ՍԴ-ն մարտ ամսվա մեջ որոշում կայացրեց, որ Գյումրիում ընտրությունները կատարվել են օրենքի սահմաններում։ Այսինքն՝ որոշումը թողեցին նույնը։ Քննարկել ենք մենք, ամեն կուսակցություն ստացել է ազատություն, նախկին հայտարարությունից հետո իրենց գործունեությունը կազմակերպելու համար։ Հիմա մենք էլ առաջիկա օրերին կհայտարարենք, թե ինչպես ենք տեսնում մեր հետագա աշխատանքը Գյումրու ավագանու նիստերին։

– Շուտով Կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը։ Ձեր խմբակցությունը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ։

– Թող դեռ բերեն, ներկայացնեն, դրանից հետո կորոշենք։ Խմբակցությունում քննարկում չի եղել։ Տեսնենք ծրագիրը, նոր, ըստ այդմ, որոշենք։ Քվեարկությունը ինքնանպատակ չպետք է լինի, քվեարկությունը պետք է լինի նպատակային։ Մեր որոշման մասին անպայման կիրազեկենք հանրությանը։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031