Պոլ Պոգբայի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերը կերտեցին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը Եվրոպա լիգայում եւ ակումբին երրորդ տիտղոսը բերեցին այս մրցաշրջանում:
Եվրոպա Լիգայի գավաթով ՄՅՈՒ-ն վերադարձավ Չեմպիոնների լիգա: Բայց «Այաքսի» հետ եզրափակիչ խաղը նաեւ այլ խորհուրդներ ուներ: Հաղթանակը ՄՅՈՒ-ն նվիրեց մանչեսթերցիներին, որոնք ահաբեկչության պատճառով օրերս մեծ ողբերգություն էին ապրել:
Հետաքրքիր է, որ գոլերի հեղինակ դարձան հենց Պոլ Պոգբան եւ Հենրիխ Մխիթարյանը: Ֆրանսիացի կիսապաշտպանը մի քանի օր առաջ զրկվել էր հորից: Եվ երբ նրա հարվածից հետո գնդակը հայտնվեց ցանցում, ֆուտբոլիստը մատը երկինք պարզեց՝ գոլը նվիրելով հոր հիշատակին:
Ակումբի պատմության նոր էջ գրեց Հենրիխ Մխիթարյանը: Նրա գոլը եվրագավաթների խաղարկությունում հինգերորդն էր արտագնա հանդիպումներում, ինչը մեկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ խաղացողի ռեկորդ է: Բացի դա, Հենոյի շրջադարձ հարվածով խփած գոլը կրկին հավակնում է ճանաչվելու լավագույնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ manutd.com-ի