Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմագիծ ստեղծող հայազգի պրոդյուսերը՝ Արաքսյա Մուշեղյան (Ֆոտոշարք)

Մայիս 25,2017 14:00

Ապրելով եւ ստեղծագործելով արտասահմանում, հայ արվեստագետի համար դյուրին չէ տարբեր նախագծեր իրականացնելիս մշտապես «տեղ գտնել» նաեւ ազգայինի համար: Ասվածը, այս դեպքում, ճիշտ եւ ճիշտ մոսկվաբնակ կոմպոզիտոր եւ երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանի մասին է: Նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (պրոֆեսոր՝ Ամալյա Բայբուրթյան) եւ կոմպոզիցիայի (Արմեն Սմբատյան) բաժիններն ավարտելուց հետո առաջին անգամ ներկայացավ իբրեւ երգչուհի 1987-88թթ.՝ Արթուր Գրիգորյանի հեղինակած «Այո» շոուում: Մինչեւ 1994թ., Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնումը, որի առաջին դեմքերից կլիներ նաեւ Արաքսյան, երգչուհին 1991-ից տեղափոխվում է Մոսկվա:

Իսկ մինչ այդ նրա երգերը Էլվինա Մակարյանի, Էռնա Յուզբաշյանի, Արթուր Իսպիրյանի եւ այլոց կատարմամբ ընդունեց հանդիսատեսը: Ընդ որում, Արաքսյան նաեւ գործիքավորում էր սեփական ստեղծագործությունները: Ինչպես արվեստագետն է սիրում կրկնել՝ իր ստեղծագործական կյանքը բաժանված է մի քանի էտապների: Ռուսաստանյան TV-ներով հայ երգչուհուն անցած տարիներին քանիցս հանդիպեցինք, հետո արդեն նրա անունը՝ իբրեւ կինոերաժշտության հեղինակ, հայտնվեց ռուսական լայնամետրաժ եւ հեռուստատեսային ֆիլմերում՝ «ԺպՊ 005», «ԺՉՈ ԸվՑՏվՈ» եւ այլն: Տեւական ժամանակահատված է, ինչ Արաքսյա Մուշեղյանը Ռուսաստանում հայտնի է որպես երաժշտական պրոդյուսեր, որը համագործակցում է ռուսական էստրադայի ճանաչված դեմքերի հետ: 2001թ. իր առաջին՝ «Երեւան-Մոսկվա տրանզիտ», հետո արդեն՝ «Երեւան-Կիեւ տրանզիտ» եւ այլ նախագծերում ընդգրկեց հայաստանյան շոու-բիզնեսի իր կոլեգաներին:


«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը նշեց, որ իբրեւ պրոդյուսեր գործունեության առաջին օրվանից ձգտել է ստեղծել երաժշտական նյութ՝ երգչի ձայնին, կերպարին համապատասխան, ինչը կբացի նոր հորիզոններ, կբացահայտի կատարողին: Երկար ժամանակ կպահանջվի թվարկելու այն անունները, որոնց հետ համագործակցել եւ շարունակում է գործունեություն ծավալել պրոդյուսերը, նրանք են՝ Սոսո Պավլիաշվիլին, Վլադ Ստաշեւսկին, «Սլիվկի» խումբը, Իոսիֆ Կոբզոնը եւ այլն:


Իր ձեւակերպմամբ՝ մեր զրուցակիցը նաեւ ստեղծել է որոշ ռուսաստանյան ռադիոկայանների, այդ թվում՝ «Մեգապոլիս FM», «Արբատ» եւ այլն, երաժշտական բովանդակությունն ու դիմագիծը:


Արվեստագետն ասաց, որ վերջին երեք տարիներին ինքը գործունեություն է ծավալում նաեւ Եվրոպայում: Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ հավանաբար այդտեղ դժվար կլինի ներգրավել մեզ՝ հայերիս, Արաքսյան պատասխանեց. «Օգոստոսին Իտալիայի «Arena di Verona»-ի 15 հազար հանդիսատեսին կներկայացվի բացառիկ միջազգային նախագիծ, նաեւ հայ արվեստագետների մասնակցությամբ: Դա «Ամեն» միջազգային նախագիծն է, շոու էպիկական դրամա՝ հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին, նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների եւ արժեքների մասին: Մեր նպատակն է ցույց տալ, որ չնայած կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել ու վայելել կյանքը»: Հավելեց նաեւ, թե նախագծում պահպանված են հայկական երաժշտության ավանդույթները, որոնք կներկայացվեն ժամանակակից բեմական շոուի ձեւաչափով, որտեղ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված կլինեն ժամանակակից լուսաերաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ: Իտալիայից հետո այս նախագիծը կցուցադրվի նաեւ աշխարհի խոշորագույն քաղաքներում՝ Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլն:


Հարցին, թե ծրագրվա՞ծ է այս նախագիծը ներկայացնել նաեւ Հայաստանում, Արաքսյա Մուշեղյանը ժպտաց ու ասաց. «Առաջինը կներկայացնենք հենց Հայաստանում. հունիսի 23-ին, Մարզահամերգայինի բեմում: Չեմ նշում նախագծի ինտերնացիոնալ թիմի անդամներին եւ կոլեկտիվներին ու մենակատարներին, երկու պատճառով. նախ՝ նրանք շատ-շատ են, երկրորդ՝ հաշված օրեր են մնացել մինչեւ հայաստանյան պրեմիերան: Ասեմ միայն, որ նախագծի գործընկերներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Իտալիայում ՀՀ դեսպանությունը, Վերոնայի քաղաքապետարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու «Հովեր» պետական երգչախումբը եւ այլն»:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031