Մայիսի 24-ին «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Վահագն Հայրապետյանը կազմակերպել էին ջազի թագուհի Էլլա Ֆիցջերալդի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ։ Համերգին մասնակցում էին Մաքսիմ Տիտկովը (ալտ-սաքսոֆոն), Եգոր Կրյուկովսկիխը (հարվածային գործիքներ) եւ Նիկոլայ Զատոլոչնին (կոնտրաբաս) Սանկտ-Պետերբուրգից, երգչուհի Մարջորի Բարնզը` ԱՄՆ-ից, ինչպես նաեւ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Մարջորի Բարնզն ասաց, որ շատ երջանիկ է հանդես գալ Հայաստանում, որի լեզուն փորձում է սովորել, իսկ Կոնստանտին Օրբելյանին նա անվանեց Երկիր մոլորակի լավագույն դիրիժորը: Համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում, ամեն կատարումից հետո ծափահարող ձեռքերի «անտառ» էր գոյանում, հնչում էին հիացական բացականչություններ: Բացի հայտնի ստեղծագործություններից ու Էլլա Ֆիցջերալդի երկացանկի երգերից, Վահագն Հայրապետյանի մատուցմամբ դահլիճը վայելեց «Աման Թելո» երգը` ջազային ձեւաչափով: Ունկնդիրներից մեկը ռեպլիկ արեց. «Վահագն ջան, դա եղավ Թելո Ֆիցջերալդի 100-ամյակը»: Ի պատասխան ջազային երաժիշտն ասաց. «Բա ոնց, հայավարի պիտի նշենք, ծիրանով, թթի արաղով, բանով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ