Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեո՞ւլն է ներկայացնում, գուցե Ճապոնիան, Կամբոջան». Շուշան Պետրոսյանը՝ «Եվրատեսիլի» մեր երգի մասին

Մայիս 24,2017 22:00

Aravot.am-ը երգչուհի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին հարցրեց՝ Հայաստանը Եվրատեսիլում 18-րդ տեղը գրավեց, ըստ ձեզ, այդ արդյունքն ինչո՞վ էր պայմանավորված: Նա պատասխանեց. «Ազգային անդիմագիծ երգով: Շատ լավ կատարում էր եւ վատ երգ»:

Ըստ Շուշան Պետրոսյանի, Արծվիկից ինչ հասնում էր, որպես կատարող, նա արել է միանշանակ. «Փայլուն կատարել է այդ ոչինչ չասող երգը: Այդ երգը լսելով՝ ես ուզում էի հասկանալ՝ Սեո՞ւլն է ներկայացնում, գուցե Ճապոնիա՞ն, Կամբոջա՞ն, վերջապես ո՞ր երկրի փոփ մշակույթն է ներկայացնում մեր եռագույնի, մեր երկրի մասին պատմող գեղեցիկ հոլովակից հետո Հայաստանը ներկայացնող հայ արտիստը»:

Մեր դիտարկմանը, որ ուրեմն տեղին են այն քննադատությունները, որ Եվրատեսիլի համար այդքան միջոցներ ենք ծախսում ու մսխվում են այդ գումարները՝ Շուշան Պետրոսյանը չհամաձայնեց. «Ի՞նչ միջոցներ ենք ծախսում, միեւնույն է, վճարում ենք դրա համար, վճարում ենք փաթեթի համար»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ եթե կա հնարավորություն, որ մերոնք դուրս գան միջազգային ասպարեզ, պետք է շարունակել մասնակցել, իսկ մերոնք, ըստ երգչուհու, լավն են, շանս կա. «Բայց հարցը ճիշտ, տեսակ ունեցող երաժշտություն ցույց տալն է»:

Մեր հարցին՝ պետք է լիներ դհոլ ու զուռնա՞՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Չէ, ինչի՞ դհոլ ու զուռնա, մենք սրինգ էլ ունենք, բլուլ էլ, կոպալ էլ, վերջապես մենք Հայաստանում արարվող ժամանակակից հրաշալի երաժշտություն ունենք, որը բոլորովին համեմված չէ դհոլով ու զուռնայով, որպեսի կոչվի հայկական»:

Թե ինչու նման անհաջող երգ ընտրեցին՝ Շուշան Պետրոսյանի համար անհասկանալի է. «Ժյուրիում ո՞վ էր: Ո՞վ է ընտրել այդ երգը, ինչպիսի՞ն է մեխանիզմը, ո՞նց են անում, ես մինչեւ հիմա չգիտեմ: Ես երբեք այդ «պատվին եւ վստահությանը» չեմ արժանացել, որովհետեւ կարծում եմ հարմար չեմ իմ խառնվածքով, գիտեն՝ ես չեմ կարող գնալ կոմպրոմիսի, ծանոթ-բարեկամ գործոնն իմ դեպքում չի աշխատում: Եթե լավ երաժշտություն է, լավ կատարում, եթե արտիստը խելացի է ու ազատ-անկաշկանդ՝ չեմ կարող չգնահատել»:

Շուշան Պետրոսյանը դեմ է, որ Եվրատեսիլին այլեւս չմասնակցենք. «Եթե կա հարթակ, որտեղ արտիստը կարող է ներկայացնել իր երկիրը, այդ հարթակն ուղղակի պետք չի կորցնել»: Մենք ճշտեցինք՝ թեկուզ գրավենք վերջին տե՞ղը՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Չէ, վերջինը հաստատ չէ, բայց առաջին տեղն էլ պետք չի, առաջին տեղի համար մենք այդքան ժամանակ չունենք հիմա»:

Հարցին՝ բա ինչի՞ ենք մեզ այդքան կոտորում, եթե առաջին տեղն էլ չենք ուզում գրավել՝ նա պատասխանեց. «Նախ, մեզ կոտորել Եվրատեսիլի փառատոնի համար արդեն իսկ գրոտեսկ է, ընդամենը հարթակ է՝ հայ արտիստին ճանաչելի դարձնելու համար: Երկրորդ, երրորդ տեղերը մեզ միշտ բավարարել է, մինչեւ 8-րդ, 10-րդ տեղերն էլ նորմալ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031