Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքներ կարգավիճակի» կամ «իրավիճակի բարելավման» դիմաց բանաձևերը կկորցնեն իրենց կեղծ գրավչությունը

Մայիս 24,2017 21:15

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը`Սերժ Սարգսյանի ելույթի մասին

– Ամսի 18-ին, խորհրդարանում ունեցած իր ծավալուն ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, հստակեցումներ մտցրեց`արցախյան հարցի կարգավորման իր մոտեցումներում`փաստելով, որ հարցի լուծման հիմնական փաստաթուղթը Կազանյան փաստաթուղթն է: Նախագահը անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք միս ու արյուն ստացած Մադրիդյան սկզբունքներին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած խաղաղության պլատֆորմին, ըստ էության, մերժելով այդ տարբերակների կենսունակությունը: Ինչո՞ւ այդ հստակեցումներն արվեցին հիմա, հարցի կարգավորումը կրկին ակտիվ փո՞ւլ է մտնում:

– Ինչ էլ հայտարարի այժմ պարոն Սերժ Սարգսյանն իր նախորդների բանակցային պլատֆորմների մասին ստիպված եմ ասել, որ իր մոտեցումների փիլիսոփայությունը հիմնված է այդ պլատֆորմների վրա, քանի որ անձամբ ինքը ևս հարցի խաղաղ կարգավորումը դիտարկում է բացառապես ծավալուն տարածքային զիջումների համատեքստում: Ի սկզբանե արցախյան հետպատերազմյան տարածքների երկու երրորդի հանձնման գնով խաղաղություն ակնկալելն անհեռանկար, փակուղային բանակցային կեցվածք էր, որը թեև միգուցե պայմանավորված էր նաև ՀՀ գործող իշխանությունների դրսևորած՝ ինչ-որ մի ազդեցիկ արտաքին դերակատարի ժամանակավրեպ նպատակներին նեցուկ լինելու ցանկությամբ, այդուհանդերձ, արմատապես հակասում է մեր ազգային շահերի առաջմղման հրամայական պահանջին: Առավել զավեշտալին այն է, որ իրականում այդ մոտեցման կիրառումը մեծագույն սպառնալիքը կլինի նաև նշված արտաքին դերակատարի ռազմավարական, երկարաժամկետ շահերի ապահովման տեսանկյունից:

Բոլոր դեպքերում մեր շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրողությունները սրընթաց կերպափոխվում են և որոշ ժամանակ անց «տարածքներ կարգավիճակի դիմաց» կամ «տարածքներ իրավիճակի բարելավման դիմաց» բանաձևերը կկորցնեն իրենց կեղծ գրավչությունն ինչպես ՀՀ գործող իշխանությունների, այնպես էլ օտարների համար: Լավ կլինի, եթե մեր պատասխանատուներն առանց րոպե կորցնելու, սկսեն լրջորեն զբաղվել Արցախի ներկայիս տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունն ապահովող բանակցային նոր ռազմավարության մշակման ու ներդրման գործով՝ դա է օրվա հրամայական պահանջը:

– Նաեւ համանախագահները վերջապես հստակեցում մտցրեցին իրենց դիրքորոշման մեջ`առաջին անգամ հասցեական գնահատական հնչեցնելով: Համանախագահներին այս մոտեցումը կարո՞ղ է սանձել Ադրբեջանի կեցվածքը:

– Համանախագահների հայտարարություններն ինքնին չեն կարող իրավիճակ փոխել՝ դա հնարավոր կլինի անել բացառապես հայկական նոր քաղաքական մոտեցումների աստիճանական և ուղղորդված ներդրման դեպքում: Ընդ որում, անհրաժեշտ եմ համարում հատուկ ընդգծել, որ խոսքս վերաբերում է բացառապես քաղաքական և դիվանագիտական այնպիսի միջոցների կիրառմանը, որոնց շնորհիվ Ադրբեջանը ստիպված կլինի կտրուկ նվազեցնել սեփական ռազմական ակտիվությունը շփման գծում ու մեղմացնել և անգամ ռացիոնալ հունի մեջ դնել մինչ այժմ հնչեցվող իր խիստ ռազմաշունչ քաղաքական հռետորաբանությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031