«Մեր արտադրած ապրանքն ավելի լավն է, բայց ես ապշած էի շուկայում, մեկ-մեկ նայեք էլի ինչ է կատարվում: Ելակը Վրաստանից են բերում, Վրաստանի ելակն ավելի վատն է, դա էլ իրենց հողից է գալիս, իրենց հողը խոնավ է, ելակը չի սիրում խոնավություն: Անորակ այդ ելակը գալիս ու ծախվում է այստեղ, որովհետեւ այնտեղ գազի գինը ավելի ցածր է ու արտադրողը 2 անգամ ավելի էժան է բերում: Տեսե՞լ եք Ռուսաստանից բերած վարունգը, անհավատալի բան է, չէ՞, 3 անգամ ավելի էժան է Հայաստանի վարունգից»,- օրերս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսպիսի մտահոգություն էր հայտնել:
Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը վստահեցրեց, որ այս տարի ելակ ընդհանրապես չի ներմուծվել Հայաստան՝ այլ երկրից. «Ինչ վերաբերում է վարունգին, ներմուծվել է 58 տոննա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ավելի շատ է ներմուծվել՝ 73 տոննա: Բայց ներկրվել է Իրանից, վերջին խմբաքանակը մարտի 9-ին է եղել: Ռուսաստանից վարունգ չի ներկրվել Հայաստան»:
Վարունգի հետ կապված Արմավիրում մեծ աղմուկ էր բարձրացել: Գյուղացիները փակել էին Էջմիածին-Մարգարա ճանապարհը՝ բողոքելով վարունգի իրացման ցածր գներից: Ըստ արմավիրցիների, մեղավորը «Սպայկա» ընկերությունն է, որը մարզում հարյուրավոր հեկտարներով վարունգ է աճեցրել եւ ծածկել շուկայի պահանջարկը։
Փոխնախարարի պարզաբանմամբ՝ հիմնական խնդիրը ծավալների ավելացումն է. «Սկսել են ավելի շատ մշակել, քան անցյալ տարի: Սպայկան այստեղ վարունգ չի վաճառում: Խոսել ենք իրենց ղեկավարության հետ, պատրաստ են, որ եթե որակյալ ապրանք լինի, նաեւ արտահանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ