Aravot.am-ի տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում արդեն հայտնի են այն երեք անունները, որոնք մանդատ կստանան: Հիշեցնենք, վեցերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների երկրորդ օրը դաշինքի երեք պատգամավորներ`Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարգյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը ինքնաբացարկ հայտնեցին:
Նախնական տարբերակով, նրանց պետք է փոխարինեին «Առաքելություն» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը: Aravot.am-ի հայտնի դարձավ, որ որոշում արդեն կայացվել է եւ մանդատներ կստանան Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից փորձեցինք ճշտել այս տեղեկությունը: Վերջինս ասաց. «Դեռ հրապարակային չենք ներկայացրել»: Հարցը`քննարկում եղե՞լ է, թե`ոչ, անպատասխան մնաց:
Ի դեպ, դաշինքում մանդատների բաշխումը դեռ չի ավարտվել: Առաջիկայում էլի ինքնաբացարկներ են սպասվում:
Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ չեն դաշինքի նոր պատգամավորների անունները: «Ինքնաբացարկի դիմումների լրանալուց հետո քննարկում կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ որոշում կկայացվի»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրանում է մինչեւ վաղը 18.00-ն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ