Այսօր Գյումրիում հյուրընկալված «Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեն, «Սրբոց Նահատակաց» եկեղեցում, խոսելով հայ ժողովրդի մասին, ասաց․ «Մենք բոլորս Աստծո զավակներն ենք, Աստծո ուղերձը ձեր ժողովրդին հղվել է դեռ այն ժամանակ, երբ առաքյալներ Բարդուղիմեոսն ու Թադեոսը եկան Հայաստան Քրիստոնեությունը Հայաստան բերելու համար։
Այդ պահից ի վեր հայերդ որոշակի իմաստով առաքյալներ եք և Աստծո խոսքը աշխարհում տարածողներ։ Մի՛ մոռացեք այդ ուղերձը, մի՛ մոռացեք, որ դո՛ւք եք այդ ուղերձի կրողները, որովհետև դուք ընտրվել եք Աստծո կողմից, դուք թագադրվել եք Աստծո կողմից և ուրեմն դո՛ւք եք, որ պետք է այդ ուղերձը տարածեք աշխարհով մեկ»։
Հիշեցնենք, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին Մարգարիտ Բարանկիցեն փրկել էր հազարավոր մարդկանց, այդ թվում նաև 30 հազար երեխաների կյանք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ