Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտի հարկման մասին ֆիննախի նախագիծը կառավարության աշխատակազմը չի ընդունում

Մայիս 24,2017 18:25

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2005 թվա­կանի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ»:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ փոփոխության նպա­տակը ՀՀ Ազգային Ժողովի 2016-ի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Ակցիզային հարկի մասին ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելն է:

Այս օրենքի ընդունումից հետո այս տարվա կանի հուն­վարի 1-ից ծխա­խոտի արտադրանքի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համար­վում ոչ թե ծխա­խոտի արտադրանքի քանակը, այլ ՀՀ կառավարության որոշմամբ հաս­տատ­ված կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը: Եւ, ինչպես նշված է նախագծում, խնդիրն այն է,որ կառավարության 2013 թվա­­կանի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ հաստատված՝ ծխախոտի արտադրանքի առա­վե­լա­գույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է միայն ավելացված արժեքի հարկով՝ ԱԱՀ-ով հարկման նպատակով:

Կառավարություն ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծխա­խոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է նաեւ ակցի­­զային հարկով հարկման նպատակով:

Կառավարության ներկայացրած այս նախագիծը չի ընդունվել կառավարության աշխատակազմի կողմից:

Ըստ աշխատակազմի հիմնավորման, նախագծին չի կարող տրվել հետադարձ ուժ, քանի որ այն պարունակում է նոր պարտավորություն: «Ընդհանուր առմամբ ներկայացված նկատառումը ընդունելի կլիներ, եթե նախագծով  տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ առաջադրված լինեին նոր պարտավորություններ, որոնք վերջիններս մինչեւ այդ չեն ունեցել: Անհրաժեշտ է, սակայն, նկատի ունենալ, որ ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գին մակնշելու պարտավորությունը տնտեսավարող սուբյեկտները կրում են դեռևս 2014 թվականի հունվարի 1-ից:

Այսինքն, ծխախոտի արտադրանքի տուփի վրա արդեն իսկ մակնշվում է ծխախոտի առավելագույն մանրածախ գինը: Խնդիրը ընդամենը կայանում է նրանում, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից սկսած առավելագույն մանրածախ գնի հիման վրա հաշվարկվում են ոչ միայն ԱԱՀ-ի պարտավորությունները, այլ նաև ակցիզային հարկի պարտավորությունները և հետևաբար անհրաժեշտություն է առաջացել սահմանել ակցիզային հարկի կիրառության նպատակով ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին մակնշելու կարգը: Այլ կերպ ասած՝ նախագիծը լուծում է ընդամենը տեխնիկական բնույթի հարց, այն է սահմանել, որ գործող մակնշման կարգը, որը կիրառելի է միայն ԱԱՀ-ի հաշվարկման նպատակներով, կիրառվում է նաեւ ակցիզային հարկի հաշվարկման նպատակով: Այսինքն` նախագծի ընդունմամբ ծխախոտի արտադրանքի ներմուծմամբ կամ արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները որեւէ նոր պարտավորություն չեն ստանձնելու:

Ըստ էության, նախագծի ընդունմամբ ընդամենը սահմանվելու է, որ գործող կարգով ներկայումս մակնշված առավելագույն մանրածախ գինը կիրառվելու է նաեւ ակցիզային հարկի հաշվարկման նպատակներով: Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի հիման վրա ակցիզային հարկ հաշվարկելու ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից, հետեւաբար նախագծին հետադարձ ուժ չտալը կնշանակի, որ առավելագույն մանրածախ գնի հիման վրա ակցիզային հարկ հաշվարկելու դրույթները գործելու են նախագիծն ուժի մեջ մտնելու հետ միասին, ինչը չենք կարծում, որ նպատակահարմար է` հաշվի առնելով հատկապես այն, որ գործնականում առավելագույն մանրածախ գնի հիման վրա ակցիզային հարկ հաշվարկելու մոտեցումները կիրառվել են:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մասնավորապես այն, որ նախագծով տնտեսավարող սուբյեկտների համար որեւէ նոր պարտավորություն, ըստ էության, չի սահմանվելու՝ գտնում ենք, որ առավել նպատակահարմար է նախագծի կիրառությունը տարածել 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»,-այսպես է հիմնավորել կառավարության աշխատակազմը ֆիննախի նախագիծը չընդունելը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031