Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորայի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն գյումրեցիներին անակնկալի բերեց իր քաղցրահնչյուն երգով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 24,2017 18:05

Այսօր Գյումրիում էին «Ավրորա-2016» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեն ու «Ավրորա 2017»-ի հավակնորդ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան։ Հիշեցնենք, որ Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի (փոքրատարածք հանրապետություն է Կենտրոնական Աֆրիկայում) քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել էր հազարավոր մարդկանց, այդ թվում նաև 30 հազար երեխաների կյանք։ Իսկ դոկտոր Թոմ Քաթենան կոնֆլիկտային գոտի համարվող Սուդանի Նուբա լեռների 750 հազար բնակչություն ունեցող տարածքի միակ վիրաբույժն է։

Այս երկու մարդասերները նախ եղան Գյումրու «Սրբոց Նահատակաց» եկեղեցում, որտեղ Մարգարիտ Բարանկիցեն, գրկելով հաշմանդամություն ունեցող մի պատանու, աղոթեց բոլոր հիվանդների ապաքինման համար, մոմեր վառեց ու անսպասելիորեն սկսեց երգել, երգերից մեկը նվիրված էր Աստվածամորը։

https://www.youtube.com/watch?v=BBUshmyXowY

«Որպես քրիստոնյա՝ նախ պիտի ասեմ, որ  սերն է փրկում աշխարհը, և այս քաղաքը, որ ավիրվել է երկրաշարժից, այն փաստը, որ մենք հիմա գտնվում ենք այս եկեղեցում, գտնում եմ, որ սա հենց սիրո հաղթարշավն է աշխարհում և սիրո հաղթանակն է ատելության դեմ։ Գիտեմ, որ 200 հազար բնակչություն ունեցող ձեր քաղաքը 1988 թվականի երկրաշարժից  հետո, այժմ ունի նախկին բնակչության կեսը, բայց նաև գիտեմ, որ ձեր մեջ խիզախություն եք գտել այդ տխուր ու ողբերգական էջը թերթելու։ Գիտեմ, որ Շառլ Ազնավուրի  երգը ծնվել է այդ արհավիրքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարիտ Բարանկիցեն։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր արտասվում եկեղեցի մտնելուց, որի ի պատասխան  տիկինն ասաց․«Երբ որ մուտք ենք գործում այստեղ և իմանում, որ այս եկեղեցին նվիրաբերված է և ոգեկոչում է անմեղ զոհերի հիշատակը, դա, իհարկե, հուզիչ է» ։

https://www.youtube.com/watch?v=OLETN1xf6PA

Հյուրերը եղան նաև Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը․ որտեղ աղ ու հացով դիմավորեցին նրանց։ Մարգարիտ Բարանկիցեն հերթով ծանոթացավ բոլոր երեխաների հետ, գրկեց նրանց ու ունկնդրեց երեխաների համերգը՝ նվիրված իրենց։

https://www.youtube.com/watch?v=fbaxK-nUJho

Նա լրագրողների հետ զրույցում պարզաբանեց նաև, թե ինչ է նշանակում իր համար «Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող ճանաչվելը։ Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031