Երեկ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի դուստրը` Անին (լուսանկարը` նրա ՖԲ էջից) երեկ երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Հիվանդանոցից տուն էին ուղարկել, մայրիկին ասել էին առաջիկա երկու օրը ամբուլատոր վերահսկողության տակ պահեն: Համեմատաբար լավ է զգացողությունը, ճիշտ է գրեթե անկողնային վիճակում է, բայց տանն է, համեմատաբար լավ է զգում»,- ասաց պարոն Պապիկյանը:
Փաստաբանը պատմեց, որ երեկ, նիստից առաջ, երբ խոսում էր Լամբարյանի դստեր՝ Անիի հետ, վերջինս անկեղծացել է: «Ասաց՝ եթե այսօր հայրիկին չտեսնեմ, վերջին զանգին չեմ գնալու: Նաեւ ուզում էր՝ հայրիկն իրեն խոսք ասի վերջին զանգի հետ կապված: Երեկ շատ էր սպասում, երեւի այդ էմոցիաներն ու զգացմունքներն իր մեջ կուտակվեցին ու նեւրոզ առաջացավ, բժիշկն էլ ասաց հիվանդանոցում, որ իր մոտ նեւրոզ է»,-պատմեց փաստաբանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ