Մայիսի 24-ին Երեւանի Պեյո Յավորովի անվան 131 հիմնական դպրոցում նշվեց բուլղարական գրչության տոնը: Միջոցառմանը մասնակցում էին սլավոնական երկրների դեսպաններ, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչական կազմը` փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, տարբեր ոլորտներից հյուրեր:
Դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, կարեւորելով օրվա խորհուրդը` սլավոնական գրի տոնը, շեշտեց, որ գրերի ստեղծումը Կիրիլի եւ Մեֆոդիին կողմից ուղենշային է դարձել սլավոնական բոլոր ժողովուրդների եւ մասնավորապես բուլղար ժողովրդի համար` գիտության, մշակույթի, գրականության զարգացման առումով:
Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան նկատեց, որ բոլոր օրացույցները լիքն են հաղթական պատերազմների ու հաղթանակած զորավարների մասին տոներով, ու աշխարհում քիչ կան ժողովուրդներ, որոնք տոնում են հոգեւոր հաղթանակներ: «Մայիսի 24-ը բուլղարական հոգեւոր հաղթանակի, մեր գրչության, մշակույթի տոնն է, այն արտացոլում է մեր ծարավը գիտության եւ մշակույթի հանդեպ»,-ասաց դեսպանը:
Տիկին Պավլովան հավելեց, որ Մատենադարանի դիմաց կանգնած Մեսրոպ Մաշտոցի արձանի գոյությունը փաստում է, որ հայ եւ բուլղար ժողովուրդները պատմական ու մշակութային ընդհանրություններ ունեն: «Մայիսի 24-ը Բուլղարիայի ամենահարգված տոնն է, որը մեր երկրում նշվում է ինքնաբուխ կերպով, հավատով եւ ի սրտե»,- հայտնեց դեսպանը: Նրա ձեւակերպմամբ, սուրբ եղբայրների կողմից Կիրիլյան տառատեսակի ստեղծումը ամենամեծ ներդրումն է աշխարհում Բուլղարիայի կողմից: «Երբ Օսմանյան տիրապետության տարիներին Բուլղարիան անհետացավ Եվրոպայի քաղաքական քարտեզից, այն շարունակեց գոյատեւել որպես հոգու երկիր: Խորապես հավատում ենք, որ այն հոգու երկիրը այն հիմքն է, որի վրա կառուցում ենք մեր բարգավաճ եւ հաջող ապագան»,- հայտարարեց նա:
Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան Բուլղարիայի նախագահի անունից պարգեւատրեց Պեյո Յավորովի անվան դպրոցի տնօրենին եւ հայ-բուլղարական ընկերակցության գլխավոր քարտուղար Արթուր Ներսիսյանին «Մադարյան ձիավոր» շքանշանով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ