ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, հետևելով բաց եւ թափանցիկ աշխատաոճի սկզբունքին, պաշտոնական կայքէջերի միջոցով պարբերաբար հանդես է գալիս իրավախախտումներ թույլ տված ընկերությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակմամբ, որոնց անդրադառնում են նաեւ զանգվածային լրատվության միջոցները: Սակայն երբեմն այդ տվյալների հիման վրա ԶԼՄ-ների կատարած վերլուծություններում ընկերությունների կողմից թույլ տրված իրավախախտման բնորոշումը հրապարակումների վերնագրերում հստակ չի արտացոլվում, ինչը թյուրըմբռնման տեղիք է տալիս: Անդրադառնալով «Aravot.am» կայքի՝ ««Նատալի ֆարմը», «Ղարաբաղցյանշինն» ու «Վեգա ուորլդը» հարկեր են թաքցրել» վերնագրով հրապարակմանը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հարկ է համարում պարզաբանել, որ հոդվածի վերնագրում տեղ գտած բնորոշումը չի արտացոլում տվյալ իրավախախտման իրական բնույթը: Ուստի, հետագայում նման թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է կոմիտեի պաշտոնական կայքէջերում հրապարակվող վիճակագրական տվյալների հիման վրա վերլուծություններ կատարելիս հստակորեն պահպանել իրավախախտումների նշված բնորոշումները՝ այդ թվում՝ նաեւ հրապարակումների վերնագրերում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին