Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը (լուսանկարում) Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի հրաժարականը պայմանավորում է պոլսահայերի պահվածքով: Հայր Կոմիտասը պատմեց, որ վերջերս եկեղեցական արարողության ժամանակ պոլսահայերի մեծամասնությունը բողոքի ցույց է անցկացրել՝ արարողության կեսից մեջք դարձրած դուրս գալով եկեղեցուց:
«Պոլսահայ իրականության մեջ դա մեծագույն վիրավորանքներից մեկն է, եւ ազգայինները զգացին, որ համընդհանուր հակակրանք կա Աթեշյանի անձի նկատմամբ, այս ամենը ստիպեցին զիջումների գնալ, որովհետեւ Գարեգին Բեքչյանի (Պոլսո պատրիարքության նորընտիր փոխանորդ) ելույթներն իրենց դրական ազդեցությունն ունեցան գործընթացի նման զարգացման համար»,- Aravot.am-ին ասաց հայր Կոմիտասը:
Մեր հարցին` Արամ Աթեշյանն իր հրաժարականից հետո հանգիստ կհեռանա՞, թե՞ նոր զարգացումներ են հնարավոր, հայր Կոմիտասը պատասխանեց. «Աթեշյանը կոնկրետ քայլի կարող է դիմել, երբ նրան աջակցողներ լինեն վերին իշխանություններից, ինչպես առաջին անգամ, երբ նման հարց էր բարձրացվել քաղաքապետարանից, կառավարությունից գրություն էր եկել անվավեր ճանաչելու Գարեգին Բեքչյանի ընտրությունը՝ պաշտոնում թողնելու Աթեշյանին պահանջով: Աթեշյանն անշուշտ կշարունակի իր ընդդիմադիր կեցվածքը, եթե նման աջակցություն այս անգամ էլ լինի, եթե չլինի, վստահ եմ, որ տեղի կտա»:
Հայր Կոմիտասի համար Աթեշյանի հեռանալը ձեռքբերում է, որովհետեւ նրա համոզմամբ, եթե Արամ Աթեշյանը չընդուներ հրաժարականը, կնվաստացներ կրոնական ժողովի արժեքը. «Այսինքն, նշանակում էր կրոնական ժողովի մեկ անդամը անարգում է ամբողջ կրոնական ժողովի քսանչորս անդամի որոշումը, այս պարագայում, ինչ-որ տեղ վերականգնվում է կրոնական ժողովի դեմքը, ուժը համայնքային կյանքում»:
Հիշեցնենք, որ ըստ «Արեւելքի» աղբյուրների` այսօր Պոլսո պատրիարքարանում տեղի է ունեցել դռնփակ նիստ, որտեղ հայտարարվել է Արամ Աթեշյանի հրաժարականի լուրը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ