Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարանում ներկայացված են տարածաշրջանի պատմության եւ արվեստի բազում ցուցանմուշներ, բրոնզե դարին, տարածաշրջանի երկրագործությանը, արհեստներին վերաբերող գործիքներ, փայտագործության նմուշներ, քանդակներ, նկարներ,լուսանկարներ, գոբելեններ; Թանգարանը ակտիվորեն մասնակցել է մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրվան նվիրված եւ մարտի 22-ին կայացած «Թանգարանային գիշեր» միջոցառումներին: Այդ առիթներով թանգարանում ցուցադրվել են Մոսկվայում բնակվող, սակայն հայրենի Բերդի մշակութային կյանքին ակտիվորեն մասնակցող Արտուշ Հարությունյանի փայտագործական աշխատանքները եւ լուսանկարները: Առաջին անգամ ներկայացվել են Արմինե Արզումանյանի նկարները: Նա ավարտել է մանկավարժական համալսարանի մշակույթի բաժինը եւ Տավուշ գյուղում, ՀՕՖ-ի ֆինանսական աջակցությամբ շուրջ 100 երեխաների նկարչություն է սովորեցնում: Առաջին անգամ ցուցադրվել են Հասմիկ Աբգարյանի նկարները եւ գոբելենները, Գեւորգ Անանյանի ջրաներկ գործերը: Ներկայացվել են նաեւ Միշա Հովհաննիսյանի գրաֆիկական աշխատանքները: Վերջինս անասնաբույժ է աշխատում, սակայն հեռավոր Իծաքար գյուղի երեխաներին նկարչություն է դասավանդում: Արվեստի վերահիշյալ գործերը այժմ էլ ներկայացված են Բերդի թանգարանում:
ՀՕՖ-ի աջակցությամբ Բերդի թանգարանում սանհանգույց եւ ջրահեռացման համակարգ է կառուցվել: Այդ կարեւոր գործի համար թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը երախտագիտության է հայտնում ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին եւ այդ կազմակերպության Բերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանին: Մշակութային հիմնարկը սնող խմելու ջրագիծ է կառուցվել; Թանգարանի աշխատողների նախաեռնությամբ եւ մասնակցութամբ թանգարանում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել, տարածքում բարեկարգում եւ ծառատնկում է արվել:
Երեւանաբնակ, ծագումով Բերդից վաստակաշատ իրավաբան Նունե Պողոսյանը Բերդի թանգարանին է նվիրել իր գրադարանը՝ 1300 արժեքավոր գիրք:
Արթուր Երկանյանը հայտնեց, որ Բերդի թանգարանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, որը մշակութային հիմնարկին մշտապես ֆինանսական եւ տնտեսական աջակցություն է ցուցաբերում:
Կառավարությունը որոշում է ընդունել Բերդ քաղաքում արգելոց-թանգարան ստեղծելու մասին: Այն ներառում է Բերդի թանգարանը եւ Բերդ ամրոցը՝ 13 հեկտար տարածքով: Ամեն օգոստոսին Բերդ քաղաքում կայանում է մեղրի փառատոն,որի այցելուները լինում են Բերդի թանգարանում:
Բերդի թանգարան հաճախ են այցելում տարածաշրջանի սահմանը պաշտպանող զինվորները: Նրանք ծանոթանալով տարածաշրջանի հարուստ պատմության հերոսական եջերին՝ ոգեղեն ուժ են ստանում:
Ամերիկահայ հայտնի դաշնակահար Շահան Արծրունին, լինելով թանգարանում (գլխավոր լուսանկարում), շատ տպավորված է եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ