ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է Կետրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) հանել առցանց տիրույթից 4000 քաղաքացիների անձնագրային տվյալները, որ դրանք հասանելի չլինեն երրորդ անձանց համար:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ին դիմել էր մի քաղաքացի այն մտահոգությամբ, որ 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ընտրողների ստորագրություններով ցուցակները հրապարակվել էին ԿԸՀ-ի կողմից, այնտեղ հրապարակվել էին քաղաքացիների անձնական տվյալներ ի թիվս որոնց՝ նաև անձնագրային տվյալները: Քաղաքացին բարձրացնում էր հենց այն հարցադրումը, թե որքանով է իրավաչափ դրա հրապարակումը: Տաթևիկ Թոխյանը մանրամասնեց. «Մենք սկսեցինք ուսումնասիրություն: ԿԸՀ-ից պարզաբանեցին, որ դա իրավաչափ է»: Տաթևիկ Թոխյանը տեղեկացրեց, որ իրենք ստացել են արդարադատության նախարարության վարչական ակտը, որտեղ նախարարությունը հստակ առաջարկ է արել և պահանջել ԿԸՀ-ից, որ եռօրյա ժամկետում անձնական տվյալներն ուղեփակեն և հասանելիությունը կանխեն: Տաթևիկ Թոխյանի փոխանցմամբ՝ եռօրյա ժամկետը, որը տրամադրվել է ԿԸՀ-ին, արդեն անցել է. «Պահանջը չկատարելու դեպքում պետք է հանձն առնենք վարչական ակտի կատարման վերաբերյալ ուշադրությանը և միջոցառումների ցանկին: Պատասխանատվության մեխանիզմը կա, կա անգամ քրեական պատասխանատվություն»:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը փաստեց, թե տարիներ շարունակ մեր բոլորի անձնական տվյալները բաց, հասանելի են ԿԸՀ կայքում և ոստիկանության սերվերի վրա տեղադրված են ոչ թե որոնելի տարբերակում, այլ excel ֆայլերով կարելի է ներբեռնել ու ստանալ ամբողջական տեղեկատվություն` ով որտեղ է ապրում Հայաստանում, ով ում հետ որտեղ է գրանցված: Սամվել Մարտիրոսյանի համար առավել մտահոգիչ է այն, որ այս ամենին նաև ավելացավ ստորագրությունը. «Ինձ համար ավելի վատ բան է ոչ թե անձնական տվյալների հրապարակումը, քանի որ, վերջիվերջ, կարող ես գնալ, անձնագիրը փոխել՝ իմանալով, որ տվյալների արտահոսք է եղել: Ուստի նաև հարց է առաջանում՝ այդ 4000 հոգին ծանուցվե՞լ են արդյոք, որ իրենց անձնական տվյալների արտահոսք է եղել, քանի որ օրենքը պահանջում է անհապաղ ծանուցում: Բայց ստորագրությունն այնքան էլ հեշտ փոխվող բան չէ: Բիոմետրիկ անձնագրերում՝ որպես կենսաչափական տվյալ, այն ներմուծված է: Ուստի այսքան տվյալները բավարար են տարբեր կեղծիքների համար: Օրինակ՝ կարող են մտնել ԿԸՀ, պարզել, թե մարդ որտեղ է ապրում, գնալ փոստ և օրինակ ասել, որ այս հասցեով ուզում եմ հեռախոսը վճարել ու իմանալ այդ մարդու հեռախոսի համարը և այդ շղթայով կարելի է հազար բան իմանալ: Աշխահով մեկ ընկած են անձնական տվյալներ քերելու հետևից: Ունես անձնագրի տվյալներ, ստորագրություն, մարդու ապրելու վայրը, ուստի կարող ես կեղծ փաստաթղթեր ունենալ: Դա կոչվում է անձի կորզում, երբ անձին կլոնավորում են ու իր անունից գործողություններ կատարում»:
Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է գտնել միջանկյալ լուծումներ և կարծում՝ պատադիր չէ, որ առկա լինի ստորագրությունը, հերիք է այն փաստը, որ տվյալ մարդը քվեարկել է: Թե չէ ներկայիս իրավիճակում, երբ ուզում ես իմանալ ֆեյսբուքում գրանցված կինն իրականում երբ է ծնվել, մտնում ես ԿԸՀ կայք ու ստուգում և պարզում, որ իրեն ֆեյսբուքում մի քանի տարի երիտասարդացրել է. «Բանկային քարտերի կեղծման խնդիր է առաջանում: Չափից շատ տվյալ է բացահայտ: Գոնե հասցեները ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետում դնել, կամ տվյալները բաց թողնել միայն Հայաստանի IP-ների համար: Հարևան հանրապետությունների համար տվյալների շտեմարանը բաց պահելը այդքան էլ ճիշտ չէ»:
Տաթևիկ Թոխյանն այս առիթով ասաց, որ օրենքով ստորագրությունը որպես կենսաչափական միավոր սահմանված է, և օրենքը թույլատրում է այն հրապարակել, դա սահմանափակել հնարավոր է միայն այն հակասահմանադրական համարելու դեպքում: Ըստ նրա՝ գուցե թափթփվածության պատճառով է, կամ հանձնաժողովի անդամները չէին տիրապետում, թե որ դեպքում պետք է տվյալները հրապարակվեին, դրա համար էլ լրացրել են: Իր օրինակը բերեց, որ և՛ սարքն է աշխատել, ինքը էլեկտրոնային կարգով գրանցվել է, և՛ իր անձնագրային տվյալներն են գրանցել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ տեղեկությունների հասանելիության մեխանիզմը օգտակար է նաև իրավաքաղաքացիական հարաբերությունների շրջանակում, երբ անհրաժեշտ է որևէ անձի մասին տեղեկություններ գտնել: Դանիել Իոաննիսյան առանձնապես մեծ նշանակություն չի տալիս ստորագրությանը, չի կարծում, որ այն ուժեղ ֆունկցիա ունի: 4000 քաղաքացիների անձնագրային տվյալների հրապարակման առիթով էլ ասաց. «ԸՕ-ն սահմանում է, որ ընտրողների ցուցակներում պետք է լինի անձնական տվյալների սյունակ: Դա լրացվում է միայն այն դեպքում, եթե անձը գրանցվում է առանց էլեկտրոնային գրանցման սարքի»: Դանիել Իոաննիսյանը փաստեց, որ իրականում Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հարցը շատ ավելի լայն է և կան շատ ոլորտներ, որտեղ անձնական տվյալների պաշտպանությունը շատ ավելի ամխիթար վիճակում է. «Իրավապահ համակարգ, որտեղ արխիվացված տվյալները չեն պահպանվում, ինչպես որ պետք է, կամ չեն ոչնչացվում երբ պետք է: Պարզվեց, որ ԱԱԾ-ն սահմանը հատած քաղաքացիների տվյալները փոխանցում է ՌԴ-ի FSB-ի սահմանապահներին: Դրա համար այս հարցին այդքան կարևորություն չեմ տալիս: Կամ երբ ոստիկանությունն առանց մարդու թույլտվության մարդու մասին տեղեկություններ է հրապարակում, օրինակ, 02 հաղորդմամբ»:
Դանիել Իոաննիսյանը նշեց, թե արևմուտքում նույնիսկ տարածված են հեռախոսային տեղեկատուները: Այս առիթով պարոն Մարտիրոսյանը կես կատակ կես լուրջ ասաց, թե նախ դա անձի թույլտվության պարագայում է միայն ու նշեց. «Եթե մարդ պսիխոանալիտիկ է կամ մորգի լավ դիահերձող, ուզում է, որ իր տվյալները լինեն այդ տեղեկատուում, որ զանգեն իր հետ կապնվեն: Մինչդեռ դատական լուրջ գործընթաց է սպասվում, եթե առանց անձի թույլտվության նրա տվյալները տեղադրված են այդ տեղեկատուում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի