Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում մասնակցեց «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի և Հորդանանի կողմից։
Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, նրանց ինքնության պաշտպանությանը վերաբերող հարցերը, տարածաշրջանի ավանդական բազմազանության պահպանումը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, որը միջազգային տարբեր հարթակներում իր ակտիվ մասնակցությամբ փորձում է իր նպաստը բերել այս կարևոր հիմնախնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերում։
Համաժողովին մասնակցում էին շուրջ վաթսուն միջազգային կազմակերպությունների և պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։
Նախարարական համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-րդը։
Համաժողովի պլենար նիստը բացվեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ելույթով։
Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական կողմին՝ միջոցառումը հյուրընկալելու և Հորդանանի հետ համատեղ այս արդիական խնդրի շուրջ քննարկումներին հետամուտ լինելու համար։ Հայաստանը շարունակում է իր ակտիվ նպաստը բերել միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմում: Մերձավոր Արևելքի՝ համակեցության և հանդուրժողականության ավանդույթի վրա խորապես արմատավորված բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում ոչ միայն քաղաքակրթական առումով, այլև անվտանգության կարևոր գործոն էր հանդիսանում: Այսօր էթնիկ, կրոնական, ներառյալ՝ քրիստոնեական փոքրամասնությունները դարձել են առավել խոցելի խմբեր և ահաբեկչական խմբավորումների կողմից այլատյացության գաղափարախոսությամբ դրդված վայրագությունների հետևանքով զանգվածաբար արտագաղթում են այս տարածաշրջանից։
Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում, ինչի մասին են վկայում ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Մերձավոր Արևելքի մարտադաշտերից ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է ոչ միայն իրենց բնակության երկրների համար, այլև կարող է դրդապատճառ դառնալ այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման ու ճգնաժամային իրավիճակների առաջացման համար: ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներն ու զարհուրելի այլ վայրագությունները արդեն այսօր չեն սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանով:
Եվս մեկ անգամ պետք է հստակ ընդգծվի, որ կրոնը որևէ առնչություն չունի բռնության հետ: Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից: Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Իրապես, սպառնալիքը, որին բախվում են Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական համայնքները, ոչ միայն զուտ ֆիզիկական գոյության, այլ նաև քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունն ի զորու կլինի միավորվել և համատեղ պայքարել այս չարիքի դեմ, ցույց կտա, թե որքանով է այն պատրաստ պաշտպանելու իր իսկ սեփական քաղաքակրթական արժեքները:
Հենց այս ոգով է Հայաստանը վճռականորեն միացել այս չարիքն արմատախիլ անելուն ուղղված միջազգային ջանքերին:
Կիսելով Հորդանանի արտգործնախարարի կարծիքը, որ մի կողմից կա ահաբեկչական փոքրամասնությունը և մյուս կողմից ողջ քաղաքակիրթ աշխարհը, կցանկանայի ընդգծել, որ քաղաքակիրթ մեծամասնության ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն ահաբեկչությունը սնուցող պայմանների վերացմանը։
Հարգելի գործընկերներ,
Պատահական չէ, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն առաջատար դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բռնությունների դեմ պայքարում: Հայոց ցեղասպանության տարիներին Մեքքայի Հաշիմյանների էմիր Հուսեյն Բին Ալին հայերին պաշտպանելու հատուկ հրահանգ արձակեց: Կարեկցանքի և հոգատարության արժեքները չեն կորցրել իրենց այժմէականությունը: Դրանք խորապես արմատավորված են Մերձավոր Արևելքի դարավոր ավանդույթներում և պետք է օրինակ ծառայեն մեր ջանքերը համախմբելու համար:
Սիրիական ճգնաժամը խորացրեց տարաձայնությունները ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ դրա հիմքում ընկած պատճառների, զարգացումների և հանգուցալուծման ուղիների վերաբերյալ, սակայն մենք պետք է միասնական լինենք մարդասիրական հարցերում: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից:
Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վերահաստատում են կոնվենցիայի արդիականությունը, որը հստակորեն սահմանել է պատժի ենթակա գործողությունները, ներառյալ՝ հանցակցությունը: Ինքնության հողի վրա իրականացված հանցագործություններում ներգրավված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած աջակցություն պետք է դիտարկվի այս կոնվենցիայի դրույթների ներքո:
Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդյունքում: Ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը:
Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք նաև շարունակական մարդասիրական աջակցության միջոցով օգնության ձեռք ենք մեկնում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում:
Սահմանադրական և օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում: Այս խմբերից երեքը՝ եզդիները, ասորիները և քրդերը, Սիրիայում և Իրաքում ենթարկվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնությունների: Մենք այդ ժողովուրդների հետ համատեղ երկար պատմություն ունենք։ Այսօր Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքի ինչպես հայկական, այնպես էլ մյուս խոցելի համայնքները։
Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բազմազանությունը պահպանելու, պաշտպանելու և խրախուսելու առաքելությունը կարևոր է քաղաքակրթական, մարդասիրական և անվտանգության տեսանկյուններից, ինչն էլ այն դարձնում է արդի ամենակարևոր մարտահրավերներից մեկը»:
ՀՀ ԱԳՆ