«Ինձ իր ելույթում ամենից շատ մտահոգեց իր մոտեցումը ղարաբաղյան հիմնահարցում՝ կազանյան պայմանավորվածությունների ենթատեքստում խնդիրը լուծելու առումով: Այնպիսի տպավորություն ունեցա, որ Հայաստանը` հանձին գործող նախագահի, այսօր կողմ է այդ պայմանավորվածություններին, ու դրան դեմ է Ադրբեջանը: Այդ դեպքում ՀՀ արտգործնախարարությունը շատ լուրջ պրոբլեմ ունի: Այդ դեպքում այդ նախարարությունն ընդհանրապես չի աշխատել, որ նույնիսկ այդ տարբերակին է Ադրբեջանը դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում ուղերձի մասին՝ իր մտահոգությունը հայտնեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ «Ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանը համաձայնվի այդ տարբերակին, Սերժ Սարգսյանն այդ ռեսուրսը չունի՝ կազանյան տարբերակով խնդիրը լուծելու, սա ակնհայտ է ինձ համար»:
Հարցին՝ այն, որ Հայաստանը կողմ է եղել կազանյան փաստաթղթին, Սերժ Սարգսյանը նաեւ միջազգային ԶԼՄ-ներին է հայտարարել, այստեղ ձեզ համար անակնկա՞լ կար՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ինքը նաեւ Bloomberg-ին հայտարարեց, որ ապրիլյան պատերազմից հետո իր մոտեցումները փոխվելու են, ինչի առումով ես միշտ խրախուսում էի այդ մոտեցումը: Բայց հիմա հայտարարեց, որ դա կա ու գիտեք, խնդիրը իմ կողմ ու դեմ լինելունը չի: Խնդիրը նրանում է, որ եթե նույնիսկ այդ ճանապարհով Ադրբեջանը համաձայնի խնդիրը լուծելուն, Սերժ Սարգսյանն այդ ռեսուրսը չունի, ինքը չի կարող այդ խնդիրը լուծել՝ հենց իր թիմի ներսում»:
Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները փոխադարձաբար իրար մերժելով քաղաքականությյուն են վարում՝ ստատուս քվոն պահելով, որովհետեւ այդ ստատուս քվոն իրենց ոչ լեգիտիմությունը լեգիտիմություն դարձնող, իրենց որպես միակ իշխանություն, միակ բանակցող պահող հանգամանք է. «Այսինքն, նեղ ազգային գաղափարախոսության վրա, հերն էլ անիծած, թե սահմանում ինչ է կատարվում, այս երկու երկրների իշխանություններն էլ մնում են իշխանություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ