Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվոր Ռոլանդ Սահակյանին ՊՆ-ն տարել է Մոսկվա, բայց վճարել է 21-օրյա բուժման համար

Մայիս 24,2017 13:19

Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը արտերկրում բուժման կարիք ուներ: Երեկ ՊՆ-ի աջակցությամբ վերջապես զինվորին տարել են Մոսկվա՝ բուժումների: Սակայն ՊՆ-ն ֆինանսավորել է միայն մեկ կուրսի համար, որը տեւելու է 21 օր:Ռոլանդը Հայաստանում 12-ից ավելի վիրահատություն է տարել, ողնաշարի վնասվածք ունի եւ հույս ունի, որ վերականգնողական կուրսերից հետո գոնե կկարողանա ոտքը գետնին դնել:

Հիշեցնենք, որ Ռոլանդ Սահակյանը մի քանի ամիս առաջ մեզ հետ զրույցում նեղվում էր, որ իրեն անտարբերության են մատնել, որ անգամ իր ծննդյան տարեդարձը ՊՆ-ն մի նամակով չի շնորհավորում:

Քիչ առաջ մենք խոսեցինք Ռոլանդի հետ, հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն ունի վերականգնողական կուրսերից, մեթոդները շա՞տ են տարբերվում այստեղից: Նա պատասխանեց. «Դե իհարկե, տարբերությունը մեծ է, այստեղ ավելի որակով են աշխատում, այստեղի սարքավորումները, ապարատները ուրիշ են»:

Ընդամենը 1 օր է Մոսկվայում, բայց զինվորը բավականին մեծ լիցքեր է ստացել, նա լիահույս է, որ գոնե ինչ-որ չափով արդյունավետ կլինեն կուրսերը. «Տեսեք, ժամը այստեղ 11-ն է դեռ, ընդամենը 2 ժամ են ինձ հետ աշխատել, էլի ֆիզիոթերապիաներ ունեմ անցնելու, բայց ես արդեն շատ-շատ եմ հոգնել, դե տեսեք տարբերությունը այստեղի ու այդտեղի: Ես դեռ մի ամբողջ օր այստեղ վարժություններ պիտի անեմ, գերհագեցած է օրը»:

Ռոլանդ Սահակյանի ընտանիքը սոցիալական լուրջ աջակցության կարիք ունի: Մայրը հաշմանդամություն ունեցող որդուն է խնամում եւ չի կարողանում աշխատել, հայրը հողագործությամբ է զբաղվում եւ հազիվ կարողանում է հոգալ օրվա հացի խնդիրները:

Պետությունը հոգացել է Ռոլանդի եւ նրա մոր տեղափոխման, Մոսկվայում բուժման եւ կեցության ծախսերը, բայց՝ ընդամենը 21-օրյա բուժման համար:

Ռոլանդի ծնողները ՎՏԲ-Հայաստան բանկում որդու անունով հաշվեհամար են բացել: Ռոլանդի խոսքերով՝ «Պետությունը հնարավոր է 21 օրից հետո ինձ նորից բերի Հայաստան ու հնարավորություն չտա, որ ես ավելի շատ ֆիզիոթերապիա անցնեմ այստեղ: Վստահ եմ, որ ընդամենը 21 օրը բավարար չի լինելու ինձ`  ոտքի կանգնելու համար, իսկ բուժման կուրսը ահագին գումար է, ես այդքան գումար չունեմ, որ կարողանամ իմ հաշվին այստեղ մնալ: Պետությունը տեղափոխման, կեցության եւ բուժման համար վճարել էր մոտ 4,5 մլն դրամ»:

Ռոլանդը փոխանցեց նաեւ իր հաշվեհամարը՝ օգնություն ստանալու ակնկալիքով:

AMD    16046053681800

USD    16046053681801

EUR    16046053681802

RUR    16046053681803

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031