Շինարարության ծավալների անկումը Հայաստանում ռչ մի կերպ չի հաջողվում կասեցնել։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները նվազել են 13.4 տոկոսով։ Եվ դա այն դեպքում, երբ անցած տարի էլ, 2015 թվականի համեմատ, ծավալները նվազել էին 7.4 տոկոսով։ Այսինքն, ընդամենը երկու տարվա ընթացքում 4 ամիսների կտրվածքով անկումը մոտ 20 տոկոս է։
2004-2008 թվականներին փչված «շինարարական փուչիկը» պայթեց 2009 թվականին։ Այդ տարի ծավալների անկումը հաշվվում էր անգամներով։ Անկումն այնպիսին էր, որ թվում էր, թե անկման տեղ այլեւս չկա, եւ ծավալները տարիների հետ կամաց-կամաց կաճեն։ Իհարկե, չեն հասնի «փուչիկի» ցուցանիշներին, բայց գոնե որոշ դրական միտումներ կդրսեւորեն։ Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ նույնիսկ նման համեստ ակնկալիքները չեն արդարանում։ Չեն արդարանում նույնիսկ այն դեպքում, երբ այդ «փուչիկի» պայթյունից հետո Հայաստանում սկսվեց իրականացվել մի շատ թանկ ու մասշտաբային ծրագիր՝ Հյուսիս-Հարավ մայրուղին։ Դրա ամբողջ արժեքը նախնական հաշվարկներով կանցնի 1.5 միլիարդ դոլարը։ Բայց նույնիսկ այդպիսի ծավալով շինարարությունը չհանգեցրեց նրան, որ ցուցանիշների մեջ դրական տեղաշարժեր լինեն։
Եվ ուրեմն, որն է պատճառը։ Շինարարությունը սովորաբար համարվում է տնտեսական վիճակի հայելին։ Այսինքն, եթե տնտեսությունը աշխույժ է, շինարարությունն էլ է աշխույժ։ Չնայած անցած 6-7 տարիներին Հայաստանում պարբերաբար ներկայացվել են տնտեսական պլպլացրած ցուցանիշներ, շինարարության ոլորտը այդպես էլ ուշքի չի եկել։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսական մյուս ցուցանիշները պարզապես արհեստականորեն պլպլացվել են, կամ պարզ ասած՝ նկարվել են։
Շինարարության ծավալների սահուն նվազումը մի շարք պատճառներ ունի։ Առաջինը, բնականաբար, բնակչության ցածր ու գնալով էլ ավելի նվազող գնողունակությունն է։ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն թերեւս բոլոր ընտանիքները։ Բայց նրանց մի չնչին տոկոսն է կարողանում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Անշարժ գույքի նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազումը հենց շինարարության ծավալների կրճատման հիմնական պատճառն է։ Անշարժ գույքի նկատմամբ բնակչության գնողունակ պահանջարկի նվազումն էլ իր հերթին ունի իր պատճառները։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում