Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսանում ենք ե՛ւ տնտեսապես, ե՛ւ ռազմաքաղաքական ոլորտում. «Ժողովուրդ»

Մայիս 24,2017 11:29

Հայաստանը շարունակում է մեկուսանալ տարածաշրջանային ծրագրերից։ Բանն այն է, որ հարեւան երեք պետությունները՝ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը, եռակողմ ձեւաչափով համագործակցության նոր ֆորմատ են նախաձեռնել, այս անգամ՝ ռազմաքաղաքական ոլորտում։

Երեկ Բաթումիում տեղի է ունեցել երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ Նրանք ստորագրել են ռազմական համագործակցության հուշագիր, միաժամանակ, նաեւ պայմանավորվել են առաջիկայում, հավանաբար, հունիս-սեպտեմբեր ամիսներին, համատեղ զորավարժություններ անցկացնել, իսկ արդեն աշնանը հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջեւ։

Մինչ այդ առանձին երկկողմ հանդիպում է կայացել Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիայի ու Զաքիր Հասանովի միջեւ. նրանք քննարկել են ռազմական համագործակցության հարցեր։ Եւ ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, նախարարները պայմանավորվել են խորացնել եւ ամրապնդել երկկողմ ռազմական համագործակցությունը, հատուկ կարեւորվել է աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, որ ունեն Ադրբեջանն ու Վրաստանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին հարեւաններից միայն երկուսի հետ ռազմական այս համագործակցությունը պայմանավորում է «տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովմամբ»։

Հարեւան Վրաստանը, իհարկե, իր սեփական շահերն ունի, եւ այդ շահերի շրջանակներում էլ կառուցում է հարաբերություններն այլ պետությունների, այդ թվում՝ հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Սակայն նույն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են Արցախյան հակամարտության պատճառով։ Եւ այս իրավիճակում շատ մեծ է հավանականությունը, որ սահմանակից երեք երկրների համագործակցությունն ինչ-որ պահի կարող է հենց մեր դեմ շուռ գալ, թեկուզ եւ անուղղակի կերպով (առավել եւս, երբ Թուրքիան ու Ադրբեջանը տարեցտարի ավելացնում են Վրաստանի տնտեսության մեջ ներդրումները՝ արդյունքում աննկատ, կամաց-կամաց ստանալով այդ երկրի քաղաքական կյանքի վրա ազդելու լծակներ)։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ սահմանակից չորս պետություններից երեքը համագործակցում են միասնական ձեւաչափով ամենատարբեր ծրագրերի շուրջ, ընդ որում, այդ համագործակցությունը գնալով միայն խորանում է, իսկ ինքդ անհաղորդ ես մնում այդ ամենին։ Մեղմ ասած, տխուր պատկեր է ստացվում. այդպես Հայաստանը տարեցտարի օտարվում է տարածաշրջանից, իր հարեւան պետություններից՝ հայտնվելով իզգոյի կարգավիճակում։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031