2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գեղարքունիքի մարզի թիվ 20/53 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն արձանագրել էր, որ անհայտ անձը մի խումբ զինծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ և շարունակել գտնվել քվեարկության սենյակում, ապա տեղամասի շրջակայքում: Դիտորդը նախ պահանջել է միջադեպն արձանագրել տեղամասի գրանցամատյանում, ապա ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս հրավիրել վերոնշյալ անձին:
Դիտորդի փոխանցմամբ՝ վերջինս և նրանից հետո տեղամաս այցելած մեկ այլ անձ գրառումներ են արել իրենց մոտ և բարձրաձայն անվանակոչել զինծառայողներին: Նույն օրը «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Սակայն ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ավետիսյանը 2017 թ. ապրիլի 11-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ընդ որում՝ որոշմամբ նշվել է, թե զինծառայողների և նրանց ուղեկցած հրամանատարական կազմի կողմից ընտրական իրավունքի իրականացման, ընտրողների ազատ կամարտահայտման, հանձնաժողովի աշխատանքի խոչընդոտման կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն եղել: Բայց և որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ հարցաքննված անձինք, որոնք գտնվել են տեղամասում, չեն ժխտել, որ զինվորական համազգեստով անձը տևական ժամանակ գտնվել է քվեասենյակում, նստել տեղամասային հանձնաժողովի անդամների կողքին, որի իրավունքը չի ունեցել: Դրա մասին վկայում են նաև հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված լուսանկարները, որոնցում պարզ երևում է զինծառայողներին ուղեկցած անձը:
Այդուհանդերձ, քննիչը, շրջանցելով այդ հանգամանքը, համարել է, որ որևէ իրավունք չի խախտվել և քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցաքննություններով չի հերքվել հանցագործության դեպքի առկայությունը, իսկ գործի բոլոր հանգամանքները հնարավոր է պարզել միայն քրեական գործ հարուցելու և պատշաճ քննություն իրականացնելու միջոցով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ հարցով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի վերաբերյալ որոշմամբ ՀՀ Զինվորական դատախազ Վ. Հարությունյանը նշել է, որ ընտրատեղամաս եկած անձանց տվյալները ճշտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել, անձի ինքնությունը ճշտել չի հաջողվել: Եվ սրանով «հիմնավորել» է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է բավարար ջանասիրություն՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: Ապա պնդել, որ հանձնաժողովի աշխատանքի, ընտրողների կամարտահայտման կամ քվեարկության գաղտնիության խոչընդոտման հանգամանքը բացատրություններով չի հաստատվել և այս հիմնավորմամբ մերժել բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը կբողոքարկվի նաև դատական կարգով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ