Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայծառ բեւեռ» գոյություն չունի

Մայիս 24,2017 10:13

Ռուսաստանը թերզարգացած, տեխնոլոգիապես հետամնաց, ոչ ժողովրդավարական երկիր է, որի ղեկավարության կայսերական չհիմնավորված հավակնությունները հաճախ արհավիրքների առաջ են կանգնեցնում թե՛ ռուսաստանցիներին եւ թե՛ նրանց հարեւաններին: Բայց ես չեմ կարող համաձայնել, որ աշխարհում կա ինչ-որ «պայծառ բեւեռ», որի հետ պետք է հույսեր կապել:

Երբ Միացյալ Նահանգներն ասում է «մարդու իրավունքներ», «խոսքի ազատություն», «ընտրական իրավունք», «արդար կառավարում», «արեւմտյան արժեքներ» եւ այլն, շատ բնական հարց է առաջանում. «Ազատ աշխարհի հարգարժան առաջնորդներ, իսկ ո՞վ է Միջին Արեւելքում ձեր ամենամտերիմ դաշնակիցը: Սաուդյան Արա՞բիան: Իսկ ինչպե՞ս են այդ երկրում լուծվում ձեր նշած բոլոր հարցերը: Գուցե այնտեղ խոսքի ազատությո՞ւն կա: Գուցե թագավորը կամ թագաժառանգները արեւմտյան արժեքներն են դավանում: Կամ մարդկանց իրավունքնե՞րն են հարգում: Թե՞ այս պարագայում դա կարեւոր չէ: Ինչպես ասում են՝ «փողին մուննաթ»: Հատկապես՝ այն միլիարդներին, որոնք վճարվում են զենքի համար: Երբ Ռոգոզինն է ասում՝ «սա բիզնես է», դա ցինիկ է հնչում, իսկ երբ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն է բիզնես անում աշխարհի ամենադաժան միապետություններից մեկի հետ՝ դա ցինիկ չէ՞:

Ախ հա, մոռացա: Սաուդյան Արաբիային 110 միլիարդի զենք է վաճառվում, որպեսզի այդ երկիրը պայքարի սունի ծայրահեղական խմբավորումների դեմ: Բայց, որքան գիտեմ, այդ երկիրը հիշյալ ծայրահեղականների հայրենիքն է եւ գլխավոր հովանավորը: Հետեւաբար ԱՄՆ-ին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը բացարձակապես չի հետաքրքրում: Իսկ հետաքրքրում է արդեն նշված բիզնեսը, ինչպես նաեւ «ազդեցության ոլորտը»: Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանին:

Բայց դա ուղիղ տեքստով չի ասվում. նման երկրներին առանց «թշնամու կերպարի» ապրելը մի տեսակ հարմարավետ չէ: Եվ Թրամփը գտավ այդպիսի «թշնամի»՝ Իրանը: Չնայած Իրանից, որքան գիտեմ, ոչ մի ահաբեկիչ դուրս չի եկել, իսկ Սաուդյան Արաբիայից՝ որքան ուզեք: Իհարկե, ոչ Թրամփը, ոչ էլ որեւէ այլ ամերիկացի պաշտոնյա չի հավատում, որ Իրանն աշխարհի համար վտանգ է ներկայացնում: Դա պարզապես ձեւի համար է ասվում՝ աշխարհին ինչ-որ մտացածին, ձեւական կառուցվածք տալու համար: Համ էլ Իրանի նկատմամբ զգացմունքները միավորում են իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին: Մի խոսքով, աշխարհում փնտրել, ի հակադրություն Ռուսաստանի, որեւէ այլ «լուսավոր կետ»՝ միամտություն է եւ պրագմատիզմի իսպառ բացակայության նշան:

ԱՄՆ նախագահի՝ Միջին Արեւելք այցի պատմության մեջ միակ հաճելի պահն այն էր, որ Էր Ռիադում Թրամփի «քավորությամբ» մի շարք երկրների հակաիրանական հավաքին մասնակցում էր նաեւ Ադրբեջանը: Մեր հարեւանների այս անհաշվենկատ քայլից պետք է օգտվել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մարդու թե ազգի մակարդակը հնարավոր է որոշվում է նրանով, թե որքանով են այդ մարդն ու ազգը ընդունակ ինքնամաքրվելու, ինքնադաստիարակվելու, ինքնակրթվելու, ինքնագործելու ու լիքը նման ինքնաներ, այդ թվում նաեւ ինքնասիրությունը: Մենք որպես ազգ դեռ երեխայի նման ենք՝ մեծերից, այսինքն՝ հասուն ազգերից հա ինչ որ բան ենք ուզում, պահանջում, չստանալու դեպքում՝ նեղանում: Մեր ռազմական, հոգեւոր, գիտական, մշակութային թե ձեռներեց տնտեսական մտավորականությունը մեր ժողովրդի ծնողներն են, տատիկ պապիկներն են, նրանք մեր հնադարյան հանճարեղ ժողովրդին, բայց ազգ երեխային պետք է ծնված օրվանից դաստիարակեն այդ երեխայի մեջ ինքնա արժեքը պեղելու հայտնաբերելու ու զարգացնելու համար, որ մեր հանճարեղ ազգն էլ արագ հասունանա:

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Դուք ՀԱՅԿԱԿԱՆ սխալ եք թույլ տվել. Ամերիկա կամ Ռուսաստան
    Ռուսասերին ասում ես Ռուսաստանը զիբիլ է, ասում է բա ամերիկան???
    Ամերիկասերին ես ասում՝ Ամերիկան զիբիլ է, ասում է բա ռուսաստանը???
    Իսկ ինչու եք մոռանում Դանիայի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Շվեդիայի եւ նման երկրների մասին: Սրանք ձեր ասած Պայծառ բեւեռներն են:
    Եվրոպական մի շարք երկրներ այնքան պայծառ են, որ բոլորը դրան են ձգտում: Ձգտում է նաեւ մութը, այսօր այդ պայծառ բեւեռում մութ շատ է կուտակվել ու պայծառությունը քիչ խամրել է, բայց մեկ է՝ պայծառ է:
    Պայծառ բեւեռ կա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031