Հայաստանում անհամբերությամբ են սպասում Շառլ Ազնավուրին, որ չնայած պատկառելի տարիքին` եռանդուն է, էներգիայով լեցուն եւ հումորով: Նախ մայիսի 27-ին նա կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխության բացման արարողությանը, ապա մայիսի 29-ին ներկա կգտնվի Ազգային օպերային թատրոնում Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերային, որը նվիրված է շանսոնյեին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ է Ազնավուրին նվիրված համերգներ նախաձեռնել հունիսի 1-ին եւ 2-ին` «Քեզ համար, Ազնավուր» խորագրով: «Ես չեմ վախենում մահից, պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ… Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս, ընդամենը ցանկանում եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ»,- ասել է շանսոնյեն:
2013 թվականին Երեւանի իր կեցավայրում վայելելով Գեւորգ Դաբաղյանի դուդուկի ու քամանչահար Հակոբ Խալաթյանի երաժշտությունը` Ազնավուրը երեխայի միամտությամբ խոստովանել էր. «Ես ալ դուդուկ նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած»:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
23.05.2017