Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) համակարգում այս օրերին «բարեփոխումներ» են տեղի ունենում. հաշմանդամության կարգից զրկվում կամ ավելի ցածր կարգ են ստանում անգամ այնպիսի քաղաքացիներ, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն: Սակայն փորձաքննություն անցկացնող հանձնաժողովը աչք է փակում, բողոքող քաղաքացիներից էլ գլուխն ազատելու համար պատճառաբանում` «վերեւից են ասել, վարչապետի հրամանն է»:
«Կոշիկներս չեմ կարողանում հագնել, ինձ ասում են` ջահել տղա ես, քեզ ի՞նչ է եղել, գնա` աշխատի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Նշան Բարսեղյանը: ԲՍՓ-ի «թրի» տակով Նշանն էլ է անցել: 21 տարեկան է, բայց արդեն մի քանի անգամ ոտքի, ողնաշարի վիրահատություն է տարել: Նշանը նախկին զինվորական է, առողջությունը կորցրել է Ջեբրայիլում` ծառայության ընթացքում: Հակառակորդի կողմից արձակված արկի բեկորները դեռ մարմնում են, ոտքը երկաթներով հավաքված է, ողնաշարը, գլուխն ու մարմնի մյուս հատվածները նույնպես վիրավոր են: Նշանի հաշմանդամության կարգը փոխել են` զինվորականից դարձնելով քաղաքացիական:
«Ես քաղաքացիական վայրում չեմ վիրավորվել, բանակում եմ հաշմանդամություն ձեռք բերել, բայց ասում են՝ քեզ զինվորական հաշմանդամության կարգ չի հասնում»,- ասում է Նշանը: ԲՍՓ-ն նրան 3-րդ կարգ է սահմանել: Այս կարգով նախկին զինվորականը ոչ միայն 54 հազար դրամ ամսական նպաստից է զրկվում, այլեւ հետագա բուժումները պետք է վճարովի անցնի: Նշանն այժմ ձեռնափայտով է քայլում, ինչպես ինքն է ասում՝ ի վիճակի չէ աշխատել, իսկ ընտանիքը չի կարող բուժման ծախսերը հոգալ: Նշան Բարսեղյանը Վեդիին հարակից Դաշտաքար գյուղում է բնակվում:
Երբ ԲՍՓ-ի որոշումը բողոքարկել է, հանձնաժողովը Նշանից նոր փաստաթղթեր է պահանջել: Դրանք ներկայացնելու համար նախկին զինվորականը պիտի այդ վիճակով կրկին Արցախ հասնի, որպեսզի նոր էպիկրիզ բերի:
Գոհար Մանուկյանն ամեն օր շտապօգնություն է կանչում: Խեղդվում է, մինչեւ շտապօգնությունը չի գալիս ու չի սրսկում՝ տիկին Գոհարն ուշքի չի գալիս: Եվ այդպես ամեն օր: Նրա մոտ բրոնխիալ ասթմա է, ալերգիկ բնույթի:
Երեք տարի է՝ Գոհար Մանուկյանը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, այս տարի, երբ ներկայացել է ԲՍՓ, հանձնաժողովը որոշել է, որ նրա հիվանդությունը նույնությամբ մնացել է, եւ 2-րդ կարգը դարձրել է 3-րդ:
«Քրոնիկ հիվանդ եմ, արդեն մեկ տարի է՝ լեղապարկս հեռացրել են, աջ ոտքի մակերակը փակվել է, արյան շրջանառություն չի կատարվում, վիրահատություն է անհրաժեշտ, որն արժե 600 հազար դրամ: Միայն ֆիլտրն արժե 285 հազար դրամ, վիրահատությունը, դեղորայքը, ամեն ինչի համար պետք է վճարեմ, բայց ի վիճակի չեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վեդիիում բնակվող Գոհար Մանուկյանը: Նրա խոսքով՝ երկու-երեք ամիսը մեկ հիվանդանոց է պառկում եւ 2-րդ կարգով հնարավորություն է ունեցել անվճար կազմակերպել եւ նաեւ դեղորայք ստանալ: 3-րդ կարգ ունենալու դեպքում Գոհար Մանուկյանը ոչ դեղորայք կստանա, ոչ էլ կարող է հիվանդանոց դիմել: Թոշակով ու նպաստով է ապրում: Տիկին Գոհարը երկու անչափահաս երեխա ունի եւ, ինչպես ինքն է ասում, առողջական խնդիրների պատճառով նույնիսկ որդիների խնամակալությամբ չի կարողանում զբաղվել: Տիկին Գոհարը եւս բողոքարկել է ԲՍՓ-ի որոշումը, եւ երբ գնացել է «Արթմեդ» բուժկենտրոնում կրկին փորձաքննություն անցնելու, պարզել է, որ ԲՍՓ-ում իր կարգը իջեցրած նույն բժշկուհին է հանձնաժողովում:
«Այսինքն` մենք նրա որոշումն ենք բողոքարկում, բայց նույն բժշկին ընդգրկում են հանձնաժողովում»,- ասաց տիկին Գոհարը: Նրա խոսքով. «Թղթերս տարել եմ, ցույց եմ տալիս, որ ամեն օր շնչահեղձ եմ լինում, որ ամեն օր շտապօգնությունն է ինձ փրկում, մինչեւ չեն գալիս, ներերակային չեն անում` չեմ հանգստանում: Մեր թղթերին ոչ էլ նայում են, ասում են՝ վերեւից է հրամանը, վարչապետի հրամանն է»:
Գոհար Մանուկյանը հանձնաժողովին, վերեւից հրաման իջեցնողին հարցնում է` վարչապետն ասել է հիվանդների թոշակը կտրե՞ք:
Նրա խոսքով՝ հարցը 3 հազար դրամ տարբերությունը չէ, որը ի վնաս քաղաքացու է, երբ կարգը 2-րդից դառնում է 3-րդ, այլ, որ 2-րդ կարգի դեպքում հաշմանդամություն ունեցող մարդը որոշ արտոնություններից կարողանում է օգտվել ու գոնե հիվանդությունն այդ աստիճանի վրա պահել: Սակայն այս պարագայում, երբ անգամ դեղորայք չեն կարող ստանալ, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վիճակն ավելի է վատանալու:
«Վեց տեսակի դեղորայք եմ ստանում: Մնացածն ինչ որ պակաս է՝ գնում եմ»:
ԲՍՓ-ի հանձնաժողովն այս անգամ տիկին Գոհարի կարգի փոփոխությունն այսպես է պատճառաբանել. «Ինձ ասում են՝ դու առողջ մարդ ես, չաղությունդ է պատճառը, որ շնչահեղձ ես լինում: Ասում եմ` դուք էլ բժիշկ եք, չգիտեք, որ իմ հիվանդության համար ես ամեն օր հորմոն եմ ստանում, մի քանի ամսում 30 կիլոգրամ քաշս ավելացել է, եթե տարին մարդը կարող է 10-15 հատ դեքսամետազոն հորմոնն օգտագործել, ես ամեն օր ստանում եմ, թեւերս քրքրված են ասեղներից, ցույց եմ տալիս, որ ամեն օր ստանում եմ այդ դեղը: Բայց նրանց ոչինչ չի հետաքրքրում: Հունվարին եմ հիվանդանոցից դուրս գրվել եւ պիտի նորից պառկեմ, բայց կարգիս փոփոխության պատճառով չեմ կարողանում»:
Ասթմայի պատճառով տիկին Գոհարը ամենաչնչին իրավիճակից սկսում է խեղդվել: Նրան կենցաղային քիմիան հակացուցված է, արեւից, քամուց, անգամ մութն ընկնելիս սկսում է շնչահեղձ լինել: Ամուսնուն կորցրել է, օգնող ձեռք չունի, տան միակ եկամուտը թոշակն ու նպաստն է:
Ջեմմա Հակոբյանն էլ Վեդիի բնակիչ է: 47 տարեկան է: Նրա մոտ էլ բժիշկներն ախտորոշել են «լիմֆոմա գրիբավիդնի միկոզ էրիթմատոզ փուլ», այսինքն` մաշկի քաղցկեղ: Ջեմմա Հակոբյանին ԲՍՓ-ն ընդհանրապես է կարգից զրկել՝ այն դեպում, որ օրենքով նրան 2-րդ կարգ է հասել: Սակայն տիկին Ջեմման մինչ այդ 3-րդ կարգ է ունեցել: Նրա ամբողջ մարմինն այտուցված է, գունափոխված, ու անգամ ջրից տիկնոջ մոտ քոր է սկսվում: Արեւին ընդհանրապես չի կարող դուրս գալ: Այս վիճակում արդեն տասը տարի է: Տիկին Ջեմմային էլ կարգից զրկելը պատճառաբանել են վարչապետի հրամանով:
ԲՍՓ-ի որոշումը նա էլ է բողոքարկել: Նախ պահանջել են թարմ հետազոտությունների արդյունքներ: Ուռուցքաբանության ինստիտուտից էպիկրիզը ներկայացրել է, սակայն դա բավարար չի եղել, որպեսզի հանձնաժողովը եզրակացություն կազմի, պահանջվել է նաեւ բիոպսիայի հետազոտությունը, որը տիկին Ջեմման տարիներ առաջ կատարել է Հանրապետական հիվանդանոցում: Այս բուժհիմնարկը պատասխանել է, որ այն չի պահպանվել, եւ որ հետազոտության նյութն ընդամենը երեք տարի է իրենց մոտ մնում, ուստի նոր հետազոտության կարիք է առաջացել:
Տիկին Ջեմմայի խոսքով՝ միայն բիոպսիայի հետազոտությունը 35 հազար դրամ է, դրան գումարած արյան հետազոտություններ պետք է կատարի, անոթաբանի եզրակացություն ներկայացնի:
«Իսկ այդ ամբողջը գումար արժե: Երբ գնացի փորձաքննության, ամբողջ դեմքս ուռած, այլանդակված էր, ասում եմ` ի վիճակի չեմ աշխատելու, եւ գնալով վիճակս վատանում է: Բայց նրանց դա չի հետաքրքրում, գրիչն էլ է նրանց ձեռքում, կնիքն էլ, ինչ ուզում` որոշում են»:
Տիկին Ջեմմային էլ «Արթմեդում» կրկնակի փորձաքննության ժամանակ դիմավորել է այն նույն բժիշկը, որը նրան առաջին այցի ժամանակ կարգից զրկած է եղել. «Ասում են` դուք հիվանդ եք, բայց ոչ հաշմանդամ»:
3-րդ կարգը Ջեմմա Հակոբյանին որոշ օգնություն է եղել, երկու ամիսը մեկ պարտադիր հետազոտություններն անվճար է անցել. «3-րդ կարգի գումարը 16 հազար դրամ է, բայց այսօր փողի կռիվ չեմ տալիս, գոնե անալիզներն անվճար տալիս էի: Ձեռքերս այնպես են ուռում, որ նույնիսկ չեմ կարողանում ծալել, ոսկորներս անգամ ցավում են»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
23.05.2017