Եվ ինչպես կիսվեց Դելակրուայի` նրանց պատկերող կտավը
Նկարիչ Էժեն Դելակրուան գրող Ժորժ Սանդի հետ ընկերական ջերմ հարաբերություններ ուներ, բայց նաեւ անկեղծ հիանում էր Ֆրեդերիկ Շոպենի տաղանդով: Մի օր էլ Դելակրուան որոշեց նրանց միասին նկարել: Նկարում Ժորժ Սանդը կլանված վայելում է դաշնամուր նվագող Շոպենի երաժշտությունը: Հետագայում` Դելակրուայի մահից հետո, նրա գլուխգործոցը բաժանվել է երկու մասի, որոնք առանձին-առանձին պահվում են տարբեր թանգարաններում: Ո՞րն էր սրա պատճառը:
Դելակրուան Ժորժ Սանդի հետ ծանոթացել էր 1833թ., նա շատ գնահատում էր իրենց ընկերությունը եւ գրողին համարում էր 19-րդ դարի առաջադեմ եւ առանց կարծրատիպերի մտածող կանանցից մեկը: Նրանք հրաշալի զրուցակիցներ էին, եւ չէին վախենում միմյանց հետ խոսել ամենահամարձակ թեմաներից:
Ժորժ Սանդն ու Շոպենն էլ ծանոթացել են 1836-ին: Գրողի հետ առաջին հանդիպումը կոմպոզիտորի վրա առանձնապես դրական տպավորություն չի թողել: «Ես ծանոթացել եմ մեծ հեղինակություն ունեցող տիկին Դյուդեւանի հետ, որը հայտնի է Ժորժ Սանդ գրական անունով: Նա ինձ բոլորովին դուր չեկավ, ոչ էլ արտաքինը հավանեցի: Նրա մեջ նույնիսկ վանող բան կա»,-Վարշավայի իր հարազատներին գրել էր Շոպենը:
Կոմպոզիտորին շոկի մեջ էին գցել գրողի տղամարդկային զգեստները, սիգարետը եւ համարձակ հայացքները: Ժորժ Սանդը, սակայն, այնպիսի համառություն ցուցաբերեց, որ ի վերջո Շոպենը տեղի տվեց եւ տեղափոխվեց Նոան: Այստեղ նրանց հաճախ էր հյուրընկալվում Դելակրուան, որն ուղղակի խոնարհվում էր Շոպենի տաղանդի առաջ: 1938-ի ամռանը նկարիչը նույն կտավի վրա պատկերեց Սանդին ու Շոպենին:
Ժորժ Սանդի հետ անցկացրած տարիները Շոպենի համար եղել են ոգեշնչման ու տաղանդի բարձրակետի տարիներ:
Կոմպոզիտորն այդ շրջանում է ստեղծել իր գլուխգործոցները: Իրականում նրանք շատ տարբեր էին` տեսակով, բնավորությամբ եւ աշխարհընկալմամբ: Երկչոտ ու քմահաճ Շոպենի եւ էներգիայով լեցուն Սանդի համատեղ կյանքը գնալով անտանելի էր դառնում: Գրողը նեղսրտում էր, թե ամուսինն իրեն լալկան ու հիվանդ կնոջ նման է պահում: Շոպենն իսկապես հիվանդ էր տուբերկուլյոզով, եւ Ժորժ Սանդը նրա համար հոգ տարավ ուղիղ 9 տարի: 1849-ին Շոպենը կնքեց իր մահկանացուն:
Դելակրուայի մահից հետո Շոպենի ու Սանդի համատեղ նկարը բաժանվեց 2 մասի: Կտավի նոր տերը մտածում էր, որ կարող է իբրեւ երկու առանձին նկարներ դրանք վաճառել եւ ավելի մեծ շահույթ ստանալ: Մի վարկած էլ կա, որ դա արվել է Ժորժ Սանդի խնդրանքով, երբ բաժանվել է Շոպենից: Այժմ կտավի այն մասը, որտեղ Ժորժ Սանդի դիմանկարն է, գտնվում է Կոպենհագենի թանգարանում, իսկ Շոպենի դիմանկարը՝ Լուվրում:
Ըստ kulturologia.ru-ի
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
23.05.2017