Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բաց հակամարտություն չկա». ինչո՞ւ երկու երկրները չեն կարող հաստատել դիվանագիտական հարաբերություններ

Մայիս 24,2017 12:00

Հայ եւ թուրք երիտասարդները երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման, երկխոսության վերսկսման հնարավորություններն են քննարկում

«Քաղաքացիական համաձայնություն» Հ/Կ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի վերջին փուլը մայիսի 20-22-ը Երեւանում անցկացվեց, որին մասնակցեց Թուրքիայից ժամանած երիտասարդների պատվիրակությունը` Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ մայիսի 4-7-ը Հայաստանից էր 18 հոգանոց խումբ մեկնել Ստամբուլ:

Մայիսի 20-ին երեւանյան սեմինարին մասնակցեցին հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների երիտասարդ առաջնորդները:

«Տարածաշրջանային կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում» թեմայով քննարկմանը որպես հիմնական բանախոս հանդես եկավ Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը, որն արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում: Նա հայ եւ թուրք երիտասարդներին կոչ արեց փորձել ուրվագծել հիմնական խնդիրները, որոնք կան երկու երկրների միջեւ, գնահատել առկա քաղաքական միջավայրը, քաղաքական երկխոսության վերսկսման հնարավորությունները` կարեւորելով երիտասարդների պատկերացումները, մոտեցումները:

«Քննարկումների ընթացքում հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում երրորդ կողմերի ազդեցությունը` լինի դա թե՛ Ադրբեջանի գործոնը՝ Թուրքիայի պարագայում, թե՛ Ռուսաստանինը` Հայաստանի դեպքում: Սա կարեւոր հանգամանք է, բայց չի կարող նախապայման լինել, որպեսզի մենք իրար հետ չխոսենք: Միաժամանակ, չենք կարող թերագնահատել այդ գործոնները եւ պետք է իմանանք, թե որքան կարեւոր է Ռուսաստանը Հայաստանի համար, կամ Ադրբեջանը` Թուրքիայի համար»:

Ըստ Մուստաֆա Այդինի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում երկրորդ խնդիրը աշխարհաքաղաքական է: «Այն, ինչ կատարվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերություններում, ազդում է Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, արձագանք է գտնում Կովկասում: Այն, ինչ կատարվում է սեւծովյան տարածաշրջանում, նույնպես ազդում է Կովկասում տեղի ունեցող գործընթացների վրա: Սա, իհարկե, ցավալի իրադրություն է, բայց դա փաստ է: Այդպիսի միտում կա ողջ Կովկասում, ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Կովկասում յուրաքանչյուր պետություն, նույնիսկ յուրաքանչյուր էթնիկ խումբ հարաբերություն է ձեւավորել արտաքին ինչ-որ ուժի հետ: Նույնկերպ հարաբերությունները ձեւավորել են նաեւ փոքրամասնությունները: Սա, իհարկե, թունավորում է քաղաքական միջավայրը»,- նկատեց նա:

Երրորդ գործոնն, ըստ Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտորի, հետեւյալն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ե՛ւ կան, ե՛ւ չկան տնտեսական հարաբերություններ: Նա նշեց, որ Հայաստանում բազմաթիվ քննարկումների է ականատես եղել, որտեղ խոսում են, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, եւ որ այդ ազդեցությունը առավել մեծ կլինի Հայաստանի, այլ ոչ թե Թուրքիայի համար: «Բայց նմանատիպ քննարկում ես չեմ տեսել Թուրքիայում»,- նկատեց Մուստաֆա Այդինը` հավելելով. «Հակամարտությունների կառավարման համար երկու ճանապարհ կա` ամենաբարդ հարցից մինչեւ վերջ: Եթե երկար ժամանակ կարողանում ես այդ բարդ հարցից խուսափել, հետո միգուցե ընդհանուր առմամբ հնարավոր է դրանից խուսափել: Վերջին անգամ Հայաստանն ու Թուրքիան երբ սկսեցին բանակցել, նրանք խուսափեցին ամենաբարդ խնդրի մասին խոսել, դա եւս ինչ-որ ռազմավարություն էր: Սակայն այդ հարցն էլ ինչ-որ մի կետում պետք է քննարկել»:

Ըստ Մուստաֆա Այդինի` Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցը դիվանագիտական-քաղաքական հարց է. «Սխալ է ասել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է: Ցամաքային սահմանը փակ է, բայց օդային սահմանը բաց է, փառք Աստծո, մենք ստիպված չենք թռիչքներ իրականացնել Վիեննայով կամ Մոսկվայով: Առեւտուրն, իհարկե, կարող է շարունակվել այդպես, բայց դա արդյունավետ չի: Եկեք այսպես ձեւակերպենք` դիվանագիտական հարաբերություններ կան, քանի որ Հայաստանն ու Թուրքիան ճանաչել են միմյանց սահմանները, խոսում են երբեմն իրար հետ, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում մենք Ստամբուլում նստող հայ դեսպան ունենք: Բայց, իհարկե, պաշտոնապես երկու երկրները դեսպաններով չեն փոխանակվել: Արժե քննարկել, թե ինչո՞ւ չեն կարող երկու երկրները հաստատել դիվանագիտական հարաբերություններ, չէ՞ որ չկա այս պահին տաք թեմա: Եթե ունենայինք այս պահին ինչ-որ արյունոտ հակամարտություն` բարդ կլիներ: Բայց մենք բաց հակամարտություն չունենք»:

Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը նախ հայտնեց, որ ըստ Հայաստանի Վիճակագրական ծառայության՝ առեւտուրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ աճում է, թեեւ այդ առեւտուրն անցնում է Վրաստանի միջոցով: Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ, եւ երկու երկրների կառավարությունները շատ լավ տեղյակ են այդ մասին՝ նշեց Շահնազարյանը` հավելելով. «Հայաստանի հետ առեւտուրը Թուրքիայի տնտեսության համար այդքան էլ կարեւոր չէ, նույնիսկ Հայաստանի տնտեսության համար դա շատ մեծ կարեւորություն չի ներկայացնում, բայց 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Հայաստանի եւ Թուրքիայի սահմանային շրջանները բավական հետաքրքրված էին սահմանների բացմամբ: Իգդիրի, Կարսի շրջանների նահանգապետների հետ զրուցել եմ տարիներ առաջ, նրանք հետաքրքրված էին, Կարսի քաղաքապետը տարիներ առաջ ստորագրահավաք էր կազմակերպել սահմանի բացման օգտին, որը 60 հազարի էր հասել: Հայաստանում բազմաթիվ մարդկանց, քաղաքական գործիչների համար խիստ կարեւոր է Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը: Շատ կարեւոր է, որպեսզի լինեն դիվանագիտական հարաբերություններ, քանի որ դա անվտանգություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այսօր միգուցե լավագույն ժամանակները չեն, որպեսզի հույսեր ունենանք, թե Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի, կամ հարաբերությունները կկարգավորվեն, բայց այսօր աշխարհաքաղաքական զարգացումները խիստ անկանխատեսելի են, երկու երկրներում պետք է հասկանան, որ ամեն ինչ շատ արագ է փոխվում»:

Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Սերհատ Գյուվենչի կարծիքով` «հայերն այժմ Թուրքիայում հիմնական քավության նոխազը չեն, բայց ժամանակին նրանք էին». «Կարծում եմ՝ հակասեմիտականությունը հիմա ավելի մեծ է, քան հակահայկականը: Հիմա չկա մի կոնկրետ հարց, որը ծանր նստած լինի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Հրանտ Դինքի սպանությունն իրականում շրջադարձային պահ էր: Իշխանությունները դարձան ավելի զգայուն հակահայկական զգացողությունների արտահայտման համատեքստում: Մենք մի շարք հայ գործընկերներ ունենք մեր համալսարանում, եւ նրանք մեզ հետ հավասար զգում են երկրում ավտորիտարիզմի ընդլայնումը»:

Այնուհետեւ բավական ակտիվ, անկաշկանդ քննարկում ծավալվեց հայ եւ թուրք երիտասարդների միջեւ, հնչեցին ամենատարբեր ոլորտների առնչությամբ տեսակետներ: Երիտասարդները համոզված են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը աստիճանական գործընթաց է, նրանք փորձեցին իրենց պատկերացումները ներկայացնել, թե ինչ լուծումներ կարելի է գտնել, կարեւորեցին քաղաքացիական հասարակության դերը հարաբերությունների զարգացման գործում: Երիտասարդները սկսեցին երկու երկրների ու ժողովուրդների միջեւ նմանություններից` խոհանոց, երաժշտություն, պարեր, նույնանման անվանումներ: Երիտասարդները փորձում էին հասկանալ երկու երկրներում մամուլի ազատության աստիճանը, թե երկու երկրներում հասարակությունները որքանո՞վ են պահպանողական, կա՞ն տարբերություններ մեծ քաղաքների եւ հեռավոր գյուղերի բնակիչների միջեւ: Ապա քննարկումներն ավելի թեժացան, հարցադրումները քաղաքական ուղղությամբ ընթացան, օրինակ` «եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, Ադրբեջանը կարո՞ղ է խոչընդոտել դրանց», «որքան մեծ է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ», բայց, միեւնույն ժամանակ` «չէ՞ որ Ադրբեջանը չի կարող փոխել Թուրքիայի քաղաքականությունը ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ փոխհարաբերություններում»:
Հայ եւ թուրք երիտասարդները երեւանյան առաջին օրվա քննարկման ընթացքում այս եւ բազմաթիվ այլ թեմաներով հարցադրումներ հնչեցրին, ներկայացրին իրենց պատկերացումները:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Սեմինարի երկրորդ
օրվա քննարկումների մասին` հաջորդ համարում:

 

«Առավոտ»

23.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031