Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի ժամանող 25 գեղեցկուհիներն ու վարչապետի ասած «ֆանտաստիկ» փողոցները

Մայիս 23,2017 23:30

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Հայաստանում, ավելի կոնկրետ մայրաքաղաքի «Փարավոն» ժամանցի համալիրում։ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, որոնք իրենց երկրներում կայացած գեղեցկության մրցույթներում հաղթող են ճանաչվել։

Հետաքրքիրն այն է, որ գեղեցկուհիները վայրէջք են կատարելու ոչ թե «Զվարթնոց», այլ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում՝ շրջելով Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատմական կենտրոնով։

Այս մասին տեղեկանում ենք մեզ ուղարկված մամլո հաղորդագրությունից, որտեղ գրված է․«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցները և հատուկ միջոցառմանը ներկա գտնվելու ու լուսաբանելու համար Հայաստան ժամանող հյուրերը մեր երկրում կլինեն մայիսի 25-ին ժամը 20:00-ին: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, որտեղ էլ հենց ժամանելու են գեղեցկուհիներն ու հյուրերը, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել դիմավորման պաշտոնական արարողություն: Այնուհետև հյուրերը կշրջեն Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տեսարժան վայրերով:

Նշենք, որ կազմակերպիչները նպատակային են համարել հյուրերի այցը սկսել պատմական Գյումրիում շրջագայությամբ` շեղվելով դասական տարբերակից («Զվարթնոց» օդանավակայան), որպեսզի միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն մեր պատմական հայրենիքի ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ:

Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում կկայանա «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի , «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ տնօրեն Նաիրի Մնացականյան և Կրեատոր Անապա-Փարիզ պրոդյուսերական կենտրոն՝ գլխավոր տնօրեն Արթուր Հովհաննիսյան։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը»:

Ծանոթանալով այս հաղորդագրությանը՝ կարելի է ենթադրել, որ կազմակերպիչները ներշնչվել են վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի վերածելու գաղափարով։ Համենայնդեպս վարչապետն է ծրագրավորել վերակենդանացել «Շիրակ» օդանավակայանը, հյուրերի համար շրջագայություններ կազմակերպել քաղաքի, իր բնութագրմամբ, «ֆանտաստիկ փողոցներով»։

Իհարկե, գեղեցկուհիների ժամանելը հոյակապ նախաձեռնություն է Գյումրին աշխարհին մեկ անգամ ևս ցուցադրելու իմաստով։ Միայն թե այս ամենը ճիշտ ժամանակին չէ․ հորդառատ անձրևների պատճառով Գյումրու փողոցներն իրոք ֆանտաստիկ են դառնում․ այնպես են ցեխի մեջ թաղվում, որ հյուրեր ընդունելիս կառավարության փոխարեն հյուրընկալ գյումրեցիներն են ամոթից գետինը մտնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031