Լրահոս
Օրվա լրահոսը

62-ամյա տղամարդը 14-ամյա տղային կացնով սպառնացել է սպանել

Մայիս 23,2017 22:50

2016թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 14-ին Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի բնակիչ,1955թ. ծնված Արամ Խաչատրյանը Ջուջեւանի համայնքապետարանի մոտ նկատել է գյուղի բնակիչ, 2003թ. ծնված Կ. Ի.-ին, վազել նրա հետեւից, ձեռքի դանակով սպառնացել է, որ կսպանի նրան: Տղան վախեցած մտել է համայնքապետարանի շենքում գտնվող մանկապարտեզ եւ օգնություն խնդրել գյուղի բնակչուհիներից մեկից: Վերջինս նկատելով Ա. Խաչատրյանին՝ փակել է մանկապարտեզի մուտքի դուռը, որից հետո Արամը հեռացել է:

Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում Ա. Խաչատրյանը կրկին հանդիպել է Կ. Ի.-ին., վազել նրա հետեւից եւ իր մոտ եղած կացնով, այն ճոճելով՝ սպառնացել է, որ նրան կսպանի: Տղան սարսափած, գոռալով գնացել է համայնքապետարանի շենքի մոտ գտնվող պահածոների գործարանի ուղղությամբ: Համագյուղացիները տղային տարել են գործարան, իսկ Արամը հեռացել է: Կ. Ի.-ի մայրը դիմել է ոստիկանություն: Պարզվել է, որ Ա. Խաչատրյանը Նոյեմբերյանի ԲԿ-ում հաշվառված է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ: Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:

2017թ. մայիսի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Արամ Խաչատրյանին ազատել ՀՀ քր.օր.-ի 137 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված քրեական պատասխանատվությունից եւ պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ նրան ստացիոնար կարգով տեղավորելով ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում: Դատավորը որոշել է նրա նկատմամբ կիրառված հսկողության հանձնելու մասին անվտանգության միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ նրան հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031