Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահ Անդրեյ Մալինովսկուն՝ տիկնոջ հետ, Լեհաստանի «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ջուլիետ Կևորկովային, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ողջունեց հյուրերին, կարևորեց հայ-լեհական փոխադարձ այցելությունները, համագործակցությունը տարբեր ոլորտներում, նշեց որ հայ-լեհական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Հպարտությամբ ենք արձանագրում, որ 650 տարի առաջ հայերը հաստատվելով Լեհաստանում, կարողացել են մեծ հետք թողնել Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ՝ հայ-լեհական բարեկամության, լեհ ժողովրդի ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Շնորհակալություն այն ամենի համար՝ ինչ արվում է հայկական համայնքի համար», -հավելեց տիկին Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և ոլորտները, կարևորեց բարձր տեխնոլոգիայի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տուրիզմի զարգացումը: «Բարեկամությունը հաստատվում է միայն իրար ճանաչելով», – շեշտեց Հրանուշ Հակոբյանը:
Անդրեյ Մալինովսկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեր երկիր այցի նպատակը Հայաստանում տնտեսության զարգացման և գործատուների շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև երկկողմ հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր քննարկելն է: Պարոն Մալինովսկին խոսեց «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի գործունեության մասին, որը 1989թ. սկսած ներկայացնում է լեհական ձեռնարկությունների շահերը երկրի գրեթե բոլոր ոլորտներում: Կոնֆեդերացիան իր մեջ ներառում է մոտ 12.000 լեհական բիզնես ընկերություն, համագործակցում է սոցիալ-տնտեսական հարցերով զբաղվող միջազգային հաստատությունների հետ, ինչպիսիք են՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Եվրոպական սոցիալ-տնտեսական կոմիտեն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բիզնեսի և արդյունաբերության խորհրդատվական կոմիտեն և այլն: Կառույցի նպատակն է աջակցել Լեհաստանում գործատուների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրի ձևավորմանը:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ