Մայիսի 22-ին Տալլինում այցով գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Էստոնիայի ԱԳՆ-ում հանդիպում ունեցավ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Կարմեն Լաուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն ուղղված քայլերը: Էստոնացի դիվանագետը գոհունակությամբ շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Էստոնիան կարևորագույն հարցերում կիսում են համանման դիրքորոշումներ:
Նույն օրը Էստոնիայի խորհրդարանում դեսպան Մկրտչյանը հանդիպեց Ռիիգիկոգուի նախագահի առաջին տեղակալ Էնն Էէսմայի հետ: Հանդիպման ընթացքում էստոնացի խորհդարանականը շնորհավորեց Հայաստանին նոր խորհրդարանի գումարման և նախագահության կազմի ընտրության կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց խորհրդարանական կապերը խորացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, բարեկամական խմբերի գործունեությունն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպանը նշեց, որ այժմ խորհրդարանի դերակատարությունը Հայաստանում ունի նույնչափ կարևորություն, ինչպես և Էստոնիայում, և փորձի փոխանակման օգտակարությունն առավել տեսանելի կլինի երկկողմ այցելություններ կազմակերպելու պարագայում:
Նույն օրը երեկոյան Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինի Արտիս կինոթատրոնում կազմակերպեց «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը, որին մասնակցեցին, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, էստոնացի քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հատուկ դիտումից առաջ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց «Խոստում» ֆիլմի հիմնական ուղերձները՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ լավագույն պայքարը ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: Դիտումից հետո տեղի ունեցավ ընդունելություն:
Մայիսի 23-ին դեպան Մկրտչյանը հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի և գրադարանի տնօրեն Մարտին Հալլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարտուի համալսարանի գրադարանի և Հայաստանի գրադարանների միջև համագործակցության հեռանկարները: Մարտին Հալլիկը նշեց, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գրադարանագիտության ոլորտում: Ռեկտոր Վոլլի Կալմը նշեց, հնարավորության սահմաններում գրադարանային համագործակցության կարևորությունը՝ նաև հաշվի առնելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողությունները, ինչպես նաև գրադարանների մի մասի հաջող թվայնացման գործընթացը: Ռեկտորն այնուհանդերձ անդրադարձավ Տարտուի համալսարանում ուսանող հայ ուսանողներին՝ նշելով որ իրենք ուրախ կլինեն, եթե նրանց թիվն ավելանա:
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ գրադարանների թվայնացման ոլորտում մեծ աշխատանք է տարվում ինչպես Երևանի Պետական Համալասրանի, Հայաստանում Ամերիկյան և Ֆրանսիական համալսարանների, այնպես էլ Մատենադարանի և Ազգային գրադարանների կողմից: Դեսպանը հավելեց, որ էստոնական փորձի կիրառումը Հայաստանում գրադարանների զարգացման ոլորտում միայն ողջունելի կլինի: Հանդիպումից հետո ՀՀ դեսպանը Տարտուի գրադարանին նվիրեց հայոց պատմության վերաբերող գրականություն:
Դեսպան Մկրտչյանն այցելեց նաև բացառիկ հավաքածուներ պարունակող Տարտուի համալսարանի թանգարան:
ՀՀ ԱԳՆ