Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի 3 ապագա զինվորներ մեծացնող ընտանիքը սովամահ է լինում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 23,2017 19:33

36-ամյա Քրիստինե Սաղաթելյանը միայնակ իր անչափահաս երեք տղաներին մեծացնում է Գյումրու Արցախ թաղամասի հին, խարխուլ տներից մեկում՝ Աթարբեկյան 33 փողոց, 106 հասցեում, որը փաստաթղթով 80 տոկոսով վթարային է։ Քրիստինեն բնակվում է խորթ մոր ու երկու եղբայրների հետ, որոնցից մեկը ի ծնե հաշմանդամ է, իսկ մյուսը նոր է վերադարձել բանակից՝ մասնակցելով նաև ապրիլյան պատերազմին։ Բազմանդամ ընտանիքում և ոչ մեկը չի աշխատում, ընտանիքը հացի կարոտ է, ապրում են հարևանների օգնությամբ։

Քրիստինե Սաղաթելյանն Aravot.am-ի հետ զրույցում նեղվեց, որ Գյումրիում ուր դիմում է, իրեն աշխատանքի չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ բարետես չես։ «Գնացի «Կառոնա» խանութ, ասեցին՝ մենք բարետես վաճառողուհի ենք ուզում, դիմեցի մի վարսավիրանոց, ասին՝ կզանգենք քեզ ու զանգ չստացա․․ Չգիտեմ ինչո՞վ ապրեմ։ Միշտ ամաչել եմ կենցաղային խնդիրներից խոսել, ասել, որ էրեխեքս օրվա հացի կարոտ են, օրեր կան, որ ոչինչ չկա ուտելու, բայց հիմա առանց ամաչելու խնդրում եմ, ուզում եմ՝ որևէ մեկը ինձ օգնի աշխատանքով, որդիներիս մեծացնեմ։ Մեր ամբողջ ընտանիքն ապրում է 35 հազար դրամ նպաստով։ Հացը նիսյայով եմ վերցնում, հենց նպաստը ստացա, հացի պարտքն եմ տալիս, կոմունալների փող չի հասնում, սոված նստում ենք։ Մեկ էլ հոլանդական «Ֆամ թու ֆամ» (Fam to Fam) բարեգործական կազմակերպությունն է օգնում»,- ասաց Քրիստինեն։

Նա պատմեց, որ ինքն ու զավակները բռնությունների են ենթարկվել ամուսնու կողմից, որի պատճառով էլ հեռացել են նրանցից։ Քրիստինեի պատմելով, վերջինս մտել է ինչ-որ կրոնական խմբավորման մեջ, որից հետո անընդհատ սպառնացել է դանակահարել, մոր աչքի առաջ մորթել երեխաներին։ Այդ ծանր հոգեապրումներն էլ միանգամից «ծերացրել, կիսամարդ» են դարձրել իրեն, իսկ զավակներից մեկը վախից երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել։ Մենք նրանց տանը եղանք այն պահին, երբ հորդառատ անձրևը կտուրից ներս էր լցվում՝ խոնավացնելով հատակն ու պատերը։ Քրիստինեի մայրը, մեզ ցույց տալով ննջասենյակի պատն, ասաց, որ շորեր են մտցնում բացված ծակի մեջ, քանի որ առնետները հանգիստ չեն տալիս, հենց այդտեղից են ներս լցվում։

Երկու սենյականոց խոնավ տունը զրկված է կոմունալ բոլոր հարմարություններից, ընտանիքը օգտվում է Գյումրու քաղաքապետարանի կողմից նախատեսած սոցիալական բաղնիքից։ Ձմռանն էլ տունը բացարձակապես չի ջեռուցվում։ «Տեսնում եք, անձրևը ինչպես լցվեց մեր տուն, էրեխեքի վրայից անընդհատ մգլահոտ է գալիս, շատ դժվար է երեք տղա մեծացնել․․․ Ժամանակ կա, ես երեխեքին խաբում եմ, թե հաց կերել եմ, դուք կերեք, օր էլ կա, ճաշի կաթսաները դատարկ են մնում․․․Բոլորը զարմանում են, որ էս թշվառ պայմաններում ինչ լավ տղաներ եմ մեծացնում»։

Չնայած սոցիալական ծանր պայմաններին՝ ընտանիքում տաղանդավոր տղաներ են մեծանում, նրանից մեկը ձյուդոյի է գնում, առանց պատվոգրերի չի վերադառնում, մոր ասելով, Եվրոպա չի մեկնել զուտ ֆինանսական խնդիրների պատճառով, մյուսը՝ նկարչական դպրոց է հաճախում։ Ի դեպ, նրան՝ որպես տաղանդավոր պատանի նկարչի մի քանի օրով ուղարկել են ԱՄՆ։ Տղաները, ինչպես և մայրը, խոնավության ու թերսնվածության պատճառով, առողջական որոշակի խնդիրներ են ձեռք բերել։ Մայրը ոտքի վրա երբեմն ուշաթափվում է, բժիշկները նրան խորհուրդ են տվել նորմալ սնվել։ «50-60 է ճնշումս իջնում, անկողնով պառկում էի, գլուխս պտտվում էր, չէի կարող տեղիցս ելնել, գնացել եմ բժշկի, սիստեմա եմ ընդունել, գլյուկոզա են ներարկել, որ ոտքի կանգնեմ»,- ասաց Քրիստինեն։ Տղաներն էլ սնվում են Գյումրու սոցկենտրոններից մեկում, այնտեղ գիտեն, որ տանը ոչինչ չկա ուտելու։

Ավագ որդին սովորում է Գյումրու «Պրոգրես» համալսարանում, պատրաստվում է ատամնատեխնիկ դառնալ, սակայն մայրը նեղվում է, որ տարեկան վարձավճարը չի կարողանում վճարել, 120 հազար դրամից ընդամենը 40 հազար դրամն է վճարել։ Նշենք, որ ավագ որդին արդեն 17 տարեկան է, միջնեկը՝ 15, իսկ փոքրը՝ 12։ Միջնեկ որդին, որը որպես նկարիչ մեծ հաջողություններ ունի, մեզ հետ զրույցում նշեց, որ չի ուզում այլևս կրթությունը շարունակել ավագ դպրոցում, քանի որ ընտանիքի վիճակն այլևս անտանելի է, գոյատևել անգամ չի լինում ու անհապաղ աշխատանք փնտրել է պետք․․․

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031