Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք կին հայտնվել է հանցագործների և նրանց սատարող, քաջալերող հարազատների թիրախում

Մայիս 23,2017 19:21

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի  հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ

Օրերս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ստացել է իրեն և իր ընտանիքին ուղղված սպառնալիքներ՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից։ Սպառնալիքները կապված են Ինեսսա Պետրոսյանի մասնագիտական գործունեության հետ։ Հայտնի փաստաբանը  դատարանում՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչն է, և այդ գործում, որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից  պարբերաբար ենթարկվում է հոգեբանական գրոհների։

Քրեական գործը վերաբերում է 2016 թվականի հունիսի 4-ի ուշ երեկոյան՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած վիճաբանությանը։ Մի խումբ երիտասարդներ՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները դիտողություն էին ստացել Եղիշե Խաչատրյանից, որին հասցնելով բազմաթիվ հարվածներ՝ զրկել էին կյանքի իրավունքից։ Այդ ամենը կատարվել էր Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի աչքի առջև։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում հայտնված խումբը, որոնց մեջ կան ՀՀ արդարադատության համակարգում բարձր դիրքեր ու կոչումներ ունեցող անձանց մերձավոր ազգականներ, դատաքննության ողջ ընթացքում մշտապես սանձարձակ վարք են դրսևորել՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալով թե՛ տուժողի, թե՛ սպանվածի կնոջ ու նրանց շահերի պաշտպանի հասցեին։

Այսպիսով, երեք կին հայտնվել է հանցագործների և նրանց սատարող, քաջալերող հարազատների թիրախում։ Ամբաստանյալների հարազատները՝ նման վարք դրսևորելով փորձում են վախեցնել, լռեցնել պաշտպանական կողմին, այդպիսով խոչընդոտելով արդարադատության կայացման ընթացքը, միևնույն ժամանակ խորացնելով երկրում առկա ամենաթողության մթնոլորտը՝ հատկապես կանանց նկատմամբ բռնությունների տեսանկյունից։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  խստորեն դատապարտում է երեք կանանց՝ գործով տուժող Էմմա Աբրահամյանի, սպանված Եղիշե Խաչատրյանի կնոջ՝ Փառանձեմ Մեյթիխանյանի և հատկապես նրանց շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հանդեպ կատարվող ճնշումները և ընդգծում, որ նման իրավիճակում հույժ կարևոր է պետության կողմից օրենքով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումը՝ հանուն արդար դատաքննության իրավունքի իրացման և դատավարության մասնակից կողմի անձեռնմխելիության։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031