Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամա-ամերիկյան վեհաժողովը` հայկական ոսպնյակով

Մայիս 23,2017 18:35

Ռիադում կայացած իսլամա-ամերիկյան վեհաժողովից բխած հայտարարություններն ու ձեռք բերված համաձայնությունները որոշ նախադրյալներ են փոխանցում մի քանի կարեւոր հանգամանքներով հետագա իրադարձությունների հավանական հունավորման մասին:

Վաշինգտոնը Ռիադի դերակատարության վերասահմանման փորձ է կատարում. փաստորեն Սաուդյան Արաբիան տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր կարգավիճակը սկսել էր զիջել այլ տերությունների: Հիմա, հսկայածավալ բյուջե ենթադրող նոր համաձայնություններով, բանակը վերազինելու ամերիկյան որոշումը եւ դրանից բխած Ռիադը հակաահաբեկչական կենտրոն դարձնելու համաձայնությունը երեւութապես սաուդակենտրոն տարածաշրջան ձեւավորելու նախանիշերն են փոխանցում։

Միաժամանակ, սակայն, ԱՄՆ նախագահը պարզ ձևակերպմամբ, բայց խառն ուղերձով հստակեցնում էր, որ միջինարեւելյան երկրների փոխարեն Վաշինգտոնը չէ, որ իրենց թշնամիներին ճզմելու քաղաքականություն պիտի ստանձնի: Այստեղ բնականաբար միանշանակ հակառակորդ կամ թշնամի գոյություն չունի. Սաուդյան Արաբիայի համար թշնամին Թեհրանն է, Սիրիայի  համար` ԻՊ-ն ու Անկարան, Անկարայի համար` քրդերը:

Ուրեմն գետնի վրա թվում է, որ հանրությունը հիմնական կտրուկ շրջադարձային փոփոխությունների ականատես չի լինի. օժանդակություններ, սահմանափակ գործողություններ, այլ ուժերի կողմից ավելի արմատական գործողությունների դեպքում զգուշացումներ, համաձայնություններ, խաղի կանոնները թելադրելու կարգավիճակի պահպանման փորձեր եւ քաոսը վերահսկելու ընդհանուր քաղաքականության կիրառման շարունակության փաստեր:

Ռիադակենտրոն տարածաշրջան ձեւավորելու ամերիկյան ծրագիրը, սակայն կարող է  որոշ անհանգստություններ առաջացնել Անկարայի համար: Խնդիրը այս պարագայում վերաբերվում է բնականաբար ոչ թե Թեհրանի մեկուսացմանը, որքան հակաահաբեկչական համակարգող կենտրոնի համար քրդական զինյալ խմբավորումները իբրեւ ահաբեկիչ չդասակարգելուն: Փաստորեն, Վաշինգտոնի համար Ռիադի նոր կենտրոնը ահաբեկիչ դասակարգման մեջ ներառում է ԻՊ-ը, Ալ Քայիդան, Հեզբոլլահն ու Համասը:

Անկարան հերթական անգամ գիտակցում է, որ իր համար գլխավոր ահաբեկիչ նկատված քուրդ զինյալ խմբավորումները ոչ միայն ահաբեկիչ չեն համարվում ամերիկյան-սաուդական ճակատի համար, այլ ազդեցիկ անշրջանցելի գործոն ահաբեկչության դեմ պայքարի համար:

Հիմա արդյունքն այն է, որ բոլորը կխոսեն ահաբեկչության արմատախիլ անելու կարեւորության մասին. Իրանն ու Դամասկոսը ահաբեկչություն ասելով ընկալում են ԴԱԵՇ-ն (ԻԼԻՊ) ու Ջաբհաթ ալ Նուսրան եւ ԴԱԵՇ-ի նմանատիպ խմբավորումները, մինչ Սաուդյան Արաբիան հիմնականում Իրանի կողմից հովանավորված Հեզբոլլահն ու Համասը, իսկ Անկարան` քրդերին: Վաշինգտոնը այս բոլորի մեջ իր դիրքորոշումը նույնացնում է Ռիադի հետ` անհանգստության մատնելով Անկարային:

Զուսպ ձեւով այս նոր կենտրոնի աշխատանքներին միանում է նաեւ Բաքուն: Գեթ առայժմ: Անկախ նրանից, որ այստեղ սուր կերպով երեւում են Բաքու-Թեհրան շատ լուրջ հակասություններ. հղացքների ընկալման հստակ տարբերություններ երեւում են նաեւ Բաքվի եւ Անկարայի միջեւ ահաբեկչություն եւ հակաահաբեկչություն հղացքների եւ նրանց տակ տեղադրվող դասակարգումների միջեւ:

Ամփոփ բանաձեւելու համար արձանագրենք առայժմ, որ հայկական ոսպնյակը այս դեպքում նկատում է անհանգստություն Անկարայի մոտ եւ հստակ տարբերություն ահաբեկչություն եւ հակաահաբեկչություն հղացքների ձեւավորման, ընկալման` իր եւ իր դաշնակիցների միջեւ. իսկ ուղղակի հակասություն Բաքվի եւ Թեհրանի. տակավին` հետզհետե ուրվագծվող Բաքվի եւ Անկարայի միջեւ:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031