Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «ՀՀԿ-ին ավելի վատ իրավիճակ է սպասվում, քան ՀԿԿ-ին եւ ՀՀՇ-ին» (Տեսանյութ)

Մայիս 23,2017 17:15

«Ես ցավով ու ափսոսանքով եմ ասում, որ ոչ ձեւավորված խորհրդարանը, ոչ էլ խորհրդարանական ընտրություններ կոչված գործընթացը  բոլորովին չեն համապատասխանում ՀՀ-ի առջեւ կանգնած մարտահրավերներին: Դրանց լուծմանը ունակ ուժ խորհրդարանում՝ ոչ առանձին վերցրած, ոչ էլ ընդհանուր առմամբ, չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական-սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը: Այդ ուժը մեր զրուցակիցը չի տեսնում նաեւ արտախորհրդարանական քաղաքական դաշտում, միայն փաստում է, որ այս ցավալի իրողության հետ  հաշվի նստելուց զատ հետեւություններ է պետք անել, մասնավորաբար՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլեր ձեռնարկել:

Սպասել, որ որակյալ ընտրությունների արդյունքում նույնքան որակյալ խորհրդարան պետք է ձեւավորվեր, մեր զրուցակիցը անհնարին է համարում՝ նկատի ունենալով անկախության հռչակումից ի վեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մանավանդ 1998թ. տեղի ունեցած իշխանափոխությունը եւ արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք այլ ելք չէին էլ ենթադրում: «Հանրապետությունը առայժմ գնում է այնպիսի մի ճանապարհով, որին բոլորս պետք է ըմբռնումով մոտենանք եւ դիմանանք մինչեւ այս ճանապարհը կավարտվի: Իսկ դա, իմ կարծիքով, կավարտվի 2018 թվականի ապրիլին»,- ասաց Մովսես Շահվերդյանը, հավելելով, որ այդ իրադարձություններում արդեն ներկայիս խորհրդարանը չի կարողանալու որեւէ լուրջ դերակատարում ունենալ, քանզի այն ձեւավորվեց քրեական գործընթաց հիշեցնող «ընտրություն» պայմանական  անունը կրող գործընթացով, եւ մենք չունեցանք խորհրդարան՝ որպես պետական բարձրագույն մարմին:

«Մենք ունենք ոչ թե պետություն, այլ ընդամենը տարածք, ոչ թե պատական համակարգ, այլ զուտ իշխանական համակարգ, որը իշխում է տարածքի վրա»,- մեր զրուցակիցն իրեն անգամ նման արտահայտություն է թույլ տալիս ու նկատում, որ այսպիսի իրավահարաբերություններ նախնադարում են եղել: Ուստի վստահ է, որ այս իշխանական համակարգը չի կարող դիմադրել Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից՝ 2018թ. ապրիլի 9-ից սպասվող իրադարձություններին:

Մովսես Շահվերդյանը հիշեցնում է, որ  ՀՀԿ-ն, այսպես ասած՝ հայկական ծնունդ չէ, պնդում է, որ լուսահոգի Աշոտ Նավասարդյանը այն ստեղծել է Պարույր Հայրիկյանի ցուցումով ու հռետորական հարց հնչեցնում՝ ի՞նչ սպասելիք ունենա հայ ժողովուրդը այս ուժից:

Մանրամասները՝ տեսանյութում

Եթե իշխանության պարագայում ամեն ինչ ավելի քան հստակ է եւ հանրությունը իշխանությունից սպասելիք չունի՝ բացի 5 տարին մեկ 10-20 հազար դրամից, մեր զրուցակցին մտահոգում է նաեւ ընդդիմադիր դաշտի բնույթը: Ինքը կարծում է, որ այդ 10-20 հազարին նորմալ այլընտրանք ընդդիմությունը չի էլ առաջարկել, որը հանրությունը գերադասեր: «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մեր քաղաքական դաշտում  տոտալ, համատարած  անլրջություն ու անպատասխանատվություն է տիրում երկրի, մեր ժողովրդի նկատմամբ: Այս վիճակը չի կարելի հանդուրժել եւ այս վիճակը պետք է շտկվի իշխանական համակարգից դուրս գտնվող ուժերի միջոցով: Ինձ կոնկրետ մտահոգում է՝ ի՞նչ է մտածում Գագիկ Ծառուկյանը»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, Մովսես Շահվերդյանը ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակում: Բայց մեր զրուցակիցը այսօր արդեն հայտարարում է, որ ինքն այդպես էլ չի հասկացել, թե ինչ սկզբունքներով ու չափանիշներով է ձեւավորվել «Ծառուկյան» դաշինքը եւ նախընտրական ցուցակը:  «Եթե Ծառուկյանը  նպատակ ուներ «50+1» տոկոս ձայն ապահովել, ապա բոլորովին այլ հաշվարկ պետք էր կատարել եւ օգտագործել բոլոր հնարավորությունները»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ ոչ բոլոր ռեսուրսներն օգտագործվեցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031