Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աղբը կամաց-կամաց լցվում է գյուղ». Տեղի ունեցավ «Մաքուր Հայաստան» ծրագրի Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Մայիս 23,2017 17:09

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի թվով 2-րդ նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանձնաժողովը ղեկավարում է փոխմարզպետ Հովհաննես Թադեւոսյանը: Կազմում ընդգրկված են համայնքների եւ մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ոստիկանության ներկայացուցիչներ:

Լոռու մարզում այսօր առկա են 348 աղբավայրեր ու աղբանոցներ, որոնցից միայն 61-ը գտնվում է Վանաձոր քաղաքում: Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր դժգոհությունը հայտնեց, ասելով, որ քաղաքում փնթի վիճակ է տիրում հատկապես մասնավորեցված ու վարձակալած տարածքներում: «Ես հասկանում եմ, որ համայնքն այդ տարածքներում անելիք չունի, բայց այս պարագայում համայնքի անելիքը մնում է ծանուցագրերի, վարչական տույժերի միջոցով, ընդհուպ մինչեւ վարձակալության պայամանագիրը լուծարելու, սեփականության իրավունքը վերանայելու միջոցով մաքրել տալ այդ տարածքները: Ի վերջո, եթե համայնքն այդ տարածքը վարձակալությամբ տվել է որեւէ մեկին, դա չի նշանակում, որ այնտեղ պետք է դառնա խոզանոց, փնթի վիճակ տիրի: Բոլոր միջոցներն ու լծակները պետք է օգտագործենք, այլ տարբերակ չունենք»,- ասաց նա:

Խոսելով գյուղական համայնքներում տիրող իրավիճակի մասին` մարզի ղեկավարն ասաց, որ կարեւոր է նաեւ որպեսզի համայնքապետերը ճիշտ վերահսկողություն իրականացնեն. «Մեր խնդիրը կայանում է նրանում, որ նման խնդիրները փորձում ենք մեկ օրվա մեջ լուծենք: Համայնքի ղեկավարների մեծ մասը տարիներ շարունակ համայնքի ղեկավարներ են: Եւ այդ աղբանոցը, որ աղբանոց է դարձել ու անունը դրել ենք աղբավայր, դա նոր չի առաջացել: Տարիների ընթացքում է առաջացել: Երբ որ հենց առաջին օրվանից չթողնեիք, որ այդտեղ աղբանոց դառնար, այսօր մենք փաստի առաջ չէինք կանգնի»:

Նիստին ներկա Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանն իր անհանգստությունը հայտնեց, ասելով, որ իրենց համայնքում առկա է 9 աղբանոց, սակայն դրանք որպես այդպիսին իրենց արդեն սպառել են. «Ես հնարավորություն ունեմ 9-ից 7-ը բուլդուզերով ծածկելու, բայց Վանաձորի աղաբավայրը, որը համարյա գյուղին է կպած, այդտեղ մեծ աշխատանք է պետք տանել: Մոտ 5-6 կմ հողամասի գլխով լցված աղբը հասցրել են աղբանոց: Իսկ աղբանոցը որպես այդպիսին վաղուց իր տարածքները սպառել է: Աղբը կամաց-կամաց լցվում է գյուղ: Այստեղ մեծ աշխատանք է պետք կատարել»:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ մայիսի 27-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի կարեւորության մասին: Տեղեկացվեց, որ շաբաթօրյակի ընթացքին հետեւելու համար մարզի մի շարք համայնքներ կայցելի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Տեղեկացվեց նաեւ,  աշխատանքների կազմակերպման վերաբերյալ շրջաբերականներ են ուղարկվել մարզային ենթակայության գտնվող հիմնարկներին, համայնքապետարններին, պետական ու մասնավոր կառույցներին:

«Մենք նախատեսում ենք, որպեսզի հնարավորինս ազատվենք այդ աղբավայրերից: Որտեղ որ հնարավոր է կամ ծածկենք այդ աղբավայրերը, կամ աղբը տեղափոխենք հատուկ աղբավայրեր: Սա մի անհատի կամ մեկ հիմնարկ-ձեռնարկության խնդիր չէ: Մենք պետք է մեր մարզն ու մեր երկիրը մաքուր պահպանենք»,-ասաց հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Թադեւոսյանը:

Նա նաեւ նշեց, որպեսզի հետագայում մաքրված տարածքները կրկին աղբանոցի չվերածվեն, կամ չսահմանված վայրերում նոր աղբանոցներ չստեղծվեն, պետք է օգտագործեն վարչական  լծակներ. ««Մաքուր Հայաստան» ծրագրի հանձնաժողովն ունի օրակարգային մի խնդիր, որպեսզի շատ արագ կիրառեն վարչական տուգանքների ինստիտուտը: Այսինքն, համայնքապետարանները կամ ոստիկանությունը կարողանան աղբ թափողների համար վարչական տուգանքներ սահմանել: Եթե կպնես քաղաքացու կամ հիմնարկ-ձեռնարկության գրպանին, եւ որ այդ գործընթացն անպատիժ չմնա, մենք նորից աղբավայրեր չենք ունենա»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031