Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ թատրոնի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված մայիսի 24-ին կայանալիք «Էլլա Ֆիցջերալդ-100» համերգին։ Ասուլիսին մասնակցում էին Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը եւ աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը։
Այն հարցին, թե ինչ են անում, որ որ Մարջորի Բարնսը այս օրերի ընթացքում ծանոթանա հայկական ջազին, Վահագն Հայրապետյանը պատասխանեց. «Մի քանի օրը շատ քիչ է հայկական ջազին ծանոթանալու համար։ Դրան հարկավոր է տրամադրել բավականին երկար ժամանակ» ։
Մարջորի Բարնսն էլ պարզաբանեց` ինչ է ջազն իր համար. «Ես դեռ շարունակում եմ այն ուսումնասիրել, ամեն անգամ նոր բան եմ բացահայտում։ Ջազը շատ մեծ աշխարհ է»։
Վահագն Հայրապետյանը մեջբերեց Լուի Արմսթրոնգի խոսքերը.«Եթե չեք հասկացել` ինչ է ջազը, ավելի լավ է գործ չունենաք նրա հետ» ։
Համերգը կղեկավարի ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։
Գայանե Իսրայելյան