Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ». Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն

Մայիս 23,2017 16:35

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները և անելիքները:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը ներկայացրել է նախարարության 2017 թ. գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքը, ապա խոսքը փոխանցել իր տեղակալներին, ովքեր էլ զեկուցել են ըստ իրենց ոլորտների տարվող աշխատանքների մասին: Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանում կինոարտադրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները՝ կինոարտադրության կառավարման ժամանակակից մոդելի իրավական հիմքերի ապահովում, ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում, «Շրջիկ կինոթատրոն» ծրագրի և մարզային կինոթատրոնների ցանցի ստեղծման ծրագրի իրականացում և այլն:

Վարչապետը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել և ներկայացնել կինոարդյունաբերության զարգացման ծրագիր: «Ներկայացրեք կոնցեպցիա՝ ընդհանրապես դեպի ուր ենք շարժվելու կինոարտադրության մեջ, բայց յուրաքանչյուր առաջարկի տակ պետք է դնեք տրամաբանություն՝ ժամանակացույցով, ֆինանսական գնահատականով, հիմնավորումներով», – նշել է կառավարության ղեկավարը:
Իրենց զեկույցներում նախարարի տեղակալներ Արև Սամուելյանը և Ներսես Տեր-Վարդանյանը զեկուցել են մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է եղել վիրտուալ 360° թանգարանի, «Աուդիոգիդ» բջջային հավելվածի, տիկնիկային թանգարանի, թատրոններում ժամանցային գրադարանային գրավաճառ կենտրոնների ստեղծման, ինչպես նաև պատմամշակութային արգելոցներում ու հուշարձաններում ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է նաև Գյումրիում մշակութային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի շրջանակում վերականգնվող փողոցների հարակից տարածքում: Տարածքի մի մասում Շիրակի մարզային գրադարանն է, որն արդեն վերակառուցվել է, իսկ մնացած հատվածում իրականացվելու են վերակառուցման և ներքին բակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում նախատեսվում է Գյումրիում տեղակայել մշակույթի նախարարության ռեգիոնալ վարչության շենքը, երկու թանգարան՝ Շիրակի երկրագիտական թանգարանը և Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, հուշանվերային արտադրանքի պատրաստման կենտրոն, լաբորատորիաներ, վարչական գրասենյակ: Ընդգծելով, որ նման ծրագրերը Գյումրիում տրամադրություն և միջավայր են փոխելու՝ վարչապետն առաջարկել է ծրագիրը քննարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ և սկսել աշխատանքը ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և առևտրային բաղադրիչի ակտիվացմամբ մշակութային հուշարձանների ճանաչելիության բարձրացումը և զբոսաշրջային հետաքրքրության ավելացումը: «Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Պետք է գույքագրել, թե որտեղ կարող ենք որոշակի ծրագրեր նախատեսել, որոնք ներդրումներ են պահանջում: Մեկ ամիս հետո մենք պետք է ունենանք մոտավոր գնահատական՝ որտեղ ինչ ներդրումներ են պետք, որոնք կարող են այս կամ այն մշակութային օբյեկտի նկատմամբ որոշակի հետաքրքրություն առաջացնել», – ասել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան ծրագիր: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մշակույթի նախարարության և մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների միջև համակարգված աշխատանքը՝ մշակութային ժառանգության պահպանության առումով:

Արմեն Ամիրյանը վարչապետին զեկուցել է նաև մշակութային արտադրանքի իրացման և ծառայությունների մատուցման գործընթացում տնտեսական աճի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, այդ թվում՝ գրադարաններում նոր ծառայությունների ներդրմամբ ինտելեկտուալ ժամանցի կենտրոնների ստեղծում, շարժական գրախանութների՝ «գրաբուսների» և գրավաճառ կետերի գործարկում և այլն: Վարչապետը հետաքրքրվել է պետական ենթակայության մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման ծրագրի ընթացքից: Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ մրցույթը շուտով հայտարարվելու է, համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Համակարգը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ առաջին փուլով մինչև նոյեմբերի վերջ ներդնել Երևանի 10 խոշոր թատերահամերգային կազմակերպությունում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել գործընթացը՝ հնարավորինս կրճատելով ժամկետները:

Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել նաև Հայաստանում կազմակերպվող միջազգային փառատոնների, մրցույթների և ցուցահանդեսների, ինչպես նաև մարզային մշակութային ծրագրերի վերաբերյալ: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է տարվա կտրվածքով ըստ հասարակության տարբեր շերտերի պահանջարկի որակյալ համերգային ծրագրերի կազմակերպումը, որոնք հետաքրքիր կլինեն և ճաշակ կձևավորեն: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև Երևանում և բոլոր մարզերում երեխաների համար մշակութային ժամանցի կազմակերպման խնդրին՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկություններ: «Մենք պետք է ունենանք ծրագիր, թե ինչպես երեխաների մշակութային ժամանցն ապահովենք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան արվեստի հետ շփվելու, թանգարան մտնելու, մի անգամ օպերա լսելու, ֆիլմ նայելու և այլն», – ընդգծել է վարչապետը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031