Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը պնդում է՝ Սարի թաղի գործով հարցաքննված ոստիկանը ստում է

Մայիս 23,2017 16:32

2016թ. հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների քրեական գործով նիստին այսօր  հարցաքննվեց նաեւ  ոստիկանության ներկայացուցիչ Ֆելիքս Կարապետյանը:

Նրա պատմելով, դեպքի օրը ոստիկանության ութից տասը աշխատակիցներով են իրականացրել ծառայությունը:

Իրեն հանձնարարված է եղել, որ բնակիչներին բացատրի, որ պատուհաններին մոտ չգան, դուրս չնայեն:

Բնակիչներին որեւէ գործողություն անելիս նա չի տեսել,  չի տեսել նաեւ վնասված ոստիկանական մեքենա. «Ուշադիր չեմ եղել»:

Ֆելիքս Կարապետյանի խոսքով, կրակոցների ձայներ էլ չի լսել:

Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան:

Հարցաքննվող ոստիկանն էլ ասաց՝ պնդում է իր նախաքննական ցուցմունքը, մեկ տարի է անցել դեպքից, հիմա աղոտ է հիշում:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը, հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում Ֆելիքս Կարապետյանը պատմել էր, որ ականատես է  եղել՝ ինչպես են քաղաքացիները քարեր նետում ոստիկանների ուղղութամբ, հայհոյում,  քաշքշում ոստիկաններին: Ըստ նրա` ոստիկաններին հարվածած անձինք 25-30 տարեկան էին, հարվածելուց հետո փախել են:

Ամբաստանյալների պաշտպան փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ պահանջեց տեղատեսություն նշանակել. «Եկեք, գնանք հիմա տեղատեսություն անցկացնենք ու համոզվենք, որ վկան ստում է:   Որմնադիրների փողոցից հնարավոր չէ տեսնել Սարի թաղի վերեւից քարեր նետելը»:

Դատախազն առարկեց՝ ասելով, թե դրա  անհրաժեշտությունը չկա, վկան նշեց, որ տասը մետր հեռավորությունից է նկատել:

Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել եւ բոլոր վկաներին լսելուց հետո կանդրադառնա միջնորդության քննարկմանը:

Հիշեցնենք, որ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են այն բանում, որ 2016թ․ հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում, մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031