Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վ. Խաչատրյանի` ռուսական ռուբլու`ՀՀ ազգային արժույթ դառնալն անխուսափելի է

Մայիս 23,2017 16:25

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է,  որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի դուրս կգա երկու տարի շարունակված ճգնաժամից, իսկ ինֆլյացիայի տեմպերը կդանդաղեն: Ժամանակին Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը մի առիթով նշել էր, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ եւ սովորաբար կրկնում է նրա դինամիկան: Aravot.am-ը Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց` Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան է՞լ է դրական, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ նման կանխատեսումներ արդեն արվել են, մասնավորապես 3,2  տոկոս տնտեսական աճի կանխատեսումը. «Այն թվերը, որ ներկայացնում է ՀՀ կառավարությունը, դրա հետևանքն է: Այդ հանգամանքն են հաշվի առել»:

Նշենք, որ ԱՄՀ-ի գնահատմամբ` Ռուսաստանի տնտեսությունն այս տարի 1.4 տոկոս աճ կարձանագրի՝ «իշխանությունների արդյունավետ արձագանքի» շնորհիվ: Մինչդեռ Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ կոնկրետ սպասելիքները 3-4 տոկոսի էին, որոնք չիրականացան:

Այն հարցին, թե ՀՀ-ում շարքային քաղաքացին ինչպե՞ս է զգալու Ռուասատանի տնտեսության` ճգնաժամից դուրս գալու փաստը, արդյոք հասցեական անդրադարձ կլինի՞, տնտեսագետը պատասխանեց. «Դա բարդ է, քանի որ խնդիրը միայն դրանով չէ պայմանավորված: Շարքային քաղաքացու վրա ազդեցություն կլինի, եթե տրանսֆերտներն ավելանան: Հայաստանում հասարակական արդյունքից շատ ավելի օգտվում է ապահովված խավը, քան չապահովվածը: Դա ամբողջ համակարգի խնդիրն է: Իհարկե, այն մարդիկ, որոնք ավելի մեծ գումարներն են տնօրինում, օգտվում են»:

Մեր այն դիտարկմանը, թե մեր տնտեսությունը դոլարայնացված է, ռուբլու վայրիվերումներն արդյոք մեծ ազդեցություն կունենա՞ն մեր սպառողների վրա, Վահագն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, ի վերջո նույն ռուբլու հետ կապված արտարժույթի կուրսը երբ հաշվում են, դա կատարվում է դոլարի միջոցով: Ինչքան դոլարայնացված է տնտեսությունը, դա պրոբլեմ է ստեղծում, դոլարից կախվածություն: Իսկ կուրսի սահմանումը տեղի է ունենում դոլարի միջոցով»: Մեր հիշեցմանը, թե Հայաստանում դժգոհում են, որ ռուբլիով ստացած տրանսֆերտները նախկին արժեքը չունեն, պարոն Խաչատրյանն արձագանքեց, թե դա կախված է ՌԴ իշխանությունների արժութային քաղաքականությունից ու նշեց, որ հիմա առանձնապես իրենց առաջ նման խնդիր չեն էլ դրել. «Եթե ռուբլին արժևորվի, մարդիկ որոնք կախված են ռուսական ռուբլով տրանսֆերտներից, կշահեն: Սակայն ՌԴ իշխանություններն ավելի ռուբլին արժեզրկելու քաղաքականություն են վարում, որ խթանեն տեղական արտադրությունը»:

Հետաքրքրեցինք` հիմնավորված մտահոգությո՞ւն է այն, որ ռուսական ռուբլին ժամանակի ընթացքում դառնալու է ՀՀ ազգային արժույթ, պարոն Խաչատրյանն ասաց, որ դա իրականում անխուսափելի է. «Պաշտոնապես հայտարարվեց, որ դա կլինի 2025-ին: Ռուսաստանը պետք է ձգտի, որ ԵՏՄ անդամ երկրները միասնական արժույթ ունենան, որը տեղի կունենա 2025-ին, և այդ ժամանակ համապատասխանաբար այդ երկրներում պետք է ֆինանսական համակարգը հարմարացնեն անցմանը: Չգիտես ինչու, այս պահին ակտիվացան այդ խոսակցությունները, թե հիմա դրա կարիքը կա: Բնական է, երբ ընդհանուր տնտեսական գոտի են ստեղծում, այդ դեպքում միասնական արժույթ չունենալը խնդիրներ է  ստեղծում»: Մեր այն հստակեցմանը, թե վաղ թե ուշ դա տեղի՞ է ունենալու, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Իհարկե, բայց խնդիրն այն է, որ մենք ավելի վատ վիճակում ենք, քան ՌԴ-ն, Ղազախստանը, ուստի հիմա Հայաստանին ավելի ձեռք է տալիս իր արժույթն ունենալը: Մենք տուժեցինք, երբ ՌԴ արժույթն արժեզրկվեց, անգամ մեր ապրանքները կորցրին իրենց մրցունակությունն ու գրավչությունը ՌԴ-ում: Մեկ տարի էր պետք, որ մեր  ապրանքները հարմարվեն ռուսական շուկային: Ուստի միասնական արժույթ ունենալու հարցը դառնում է օրակարգային, բայց դրանից ավելի թույլ զարգացած երկրները կտուժեն»:

Վահագն Խաչատրյանը բերեց Հունաստանի օրինակը, երբ այն անցավ եվրոյի այն ժամանակ, երբ դեռ երկրի տնտեսությունը դրան պատրաստ չէր: Նույն սկզբունքով Հայաստանում էլ, տնտեսության այս կառուցվածքի դեպքում կտուժենք այլ արժույթի անցման դեպքում. ապրանքների գների թանկացում, բյուջեի եկամուտները, եթե չավելանան, միջին աշխատավարձը կնվազի: Վահագն Խաչատրյանի համոզմամբ` մեկ այլ արժութային գոտի ինտեգրվելու համար մենք պիտի կարողանանք արտահանման տեմպերի բարձրացման շնորհիվ այդ խնդիրը լուծել: Մեր բացասական հաշվեկշիռը հնարավորինս պետք է պակասեցնենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031