«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին երեկ հարցրինք` իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները 2008-ի թնջուկից հետո կարգավորվեցի՞ն: «Կհարցնեք Սերժ Սարգսյանին»,- ասաց նա: Դիտարկմանն էլ` այսինքն՝ չե՞ն կարգավորվել, նա արձագանքեց. «Կհարցնեք Սերժ Սարգսյանին, ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս, ինքն ավելի բարձր դիրքերում ա»: Հիշեցնենք. երբ Սասուն Միքայելյանը չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր եւ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ ընկեր, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր` քաղաքականություն վերադառնալու մասին: Սասուն Միքայելյանն առաջիններից էր, որ կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին: Արդյունքում նրա եւ Սերժ Սարգսյանի մտերիմ-ընկերական հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը:
«Առավոտ»
20.05.2017