Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը չի հավատում

Մայիս 23,2017 15:44

«Կգա 2040 թիվը` կտենանք, էլի»,- այսպես է արձագանքում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը չորս միլիոնի կհասնի: Սասուն Միքայելյանը չի հավատում դրան: «Առավոտի» հարցին` ինչո՞ւ չեք հավատում, նախագահն ասում էր՝ կոռուպցիայի դեմ պետք է իրապես պայքարենք, եթե պայքարենք, գուցե ստացվի, նա պատասխանեց. «Նախագահը իրա առաջին նախագահական քարոզարշավի ժամանակ ասաց նաեւ, որ պետք է մարզերը հզորացնենք: Էսօր ամեն ինչ կենտրոնացվում ա Երեւանում: Մարզերը գրեթե մահանում են»:

Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ Արցախի հարցի մասին` ասելով, որ հարցի լուծման հիմնական փաստաթուղթը Կազանյան փաստաթուղթն է. «Ես, որպես ազատամարտիկ, ընդհանրապես դեմ եմ հատկապես նման կարգի փոխզիջման, ոնց որ առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` հինգ շրջան տալ ոչ մի բանի դիմաց, թե միջազգային ատյանները կորոշեն: Բայց միջազգային ատյաններում նման բան չի կարա որոշվի հօգուտ մեզ: Նա նաեւ ժխտեց իր ասածը, ասաց` թեկուզ միջազգային ատյաններն էլ որոշեն, Ադրբեջանը չի համաձայնի»: Դիտարկմանը` Սերժ Սարգսյանը չի ասում՝ տարածքներ տանք ոչ մի բանի դիմաց, հստակ ասում է` Արցախի կարգավիճակի դիմաց, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ես, որ տեղյակ չեմ… էտի լուրջ հարց ա, որը պիտի ուսումնասիրես` պատասխանես»:

«Ելք»-ը, հիշեցնենք, բոյկոտել էր նախագահի ելույթը. այդ ընթացքում խմբակցության նիստ էր ընթանում: Անդրադառնալով նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ՀԺԿ վարած քարոզարշավին, մասնավորաբար, նրանց առաջ քաշած խաղաղության պլատֆորմին՝ Սասուն Միքայելյանը համոզմունք հայտնեց, որ դաշտ են ձեւավորում հետագայում «հողերը հետ տալու համար», հասարակության ականջին են հասանելի դարձնում: Ինքը կարծում է` քանի Հայաստանը տնտեսապես հզոր չէ, հողերը վերադարձնելու վտանգը միշտ էլ կա:

 

Ն. Գ.

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031