Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական հագուստով  40-50 անձինք  հավաքվել ու վիճաբանում էին ոստիկանների հետ». Սարի թաղի դեպքերով հարցաքննվեց ոստիկան

Մայիս 23,2017 15:42

2016թ. հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների քրեական գործով նիստին այսօր  հարցաքննվեց ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Մխոյանը:

Նա պատմեց, որ դեպքի օրը Խորենացի-Որմնադիր փողոցների բնակիչների հետ բացատրական աշխատանքներ կատարելիս, երբ հորդորել է՝ հետեւեն անվտանգության կանոնններին, լսել է ՊՊԾ գնդի մոտից կրակոցների ձայն, իսկ Գլինկա-Որմնադիր փողոցների խաչմերուկից` աղմուկ:  Դեպքի վայր է մեկնել ու պարզել, որ  բնակիչները ոստիկաններից պահանջում են բացել փողոցը երթեւեկելու համար: Նա, ինչպես այսօր հարցաքննված  մյուս ոստիկանները, հայտնեց, որ լավ չի հիշում դեպքի մանրամասները, միայն աղոտ մտաբերեց, որ խառնաշփոթ էր, քաշքշուկ: Թեեւ վկան չճանաչեց  ամբաստանյալներ Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին ու Էդուարդ Զեյթունյանին, բայց պատմեց, որ  քարերի հարվածներից տուժել են իր գործընկերները:

Այա վկայի դատաքննական ու նախաքննական ցուցմունքներում էլ հակասություններ կային, ինչի համար մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նրա  նախաքննական ցուցմունքը,  պաշտպանական կողմը չհամաձայնեց՝ պնդելով, որ  էական հակասություններ չկան, բայց դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի` դեպքի օրը ծառայություն իրականացնող ոստիկանների մոտ քաղաքացիական հագուստով  40-50 անձինք էին հավաքվել ու վիճաբանում էին ոստիկանների հետ` ճանապարհի երթեւեկելի հատվածը ազատելու պահանջով, հետո սկսել են  հրել ոստիկաններին, հայհոյել, որոշները  վերեւ են  բարձրացել եւ վերեւից սկսել  քարեր նետել ոստիկանների վրա, կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքից, ինչից հետո   քաղաքացիները  փախել են:

Հիշեցնենք, որ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են նրանում, որ 2016թ․ հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031