«Այսօր ինձ հրավիրել էին Մալաթիայի ոստիկանություն՝ հետաքննչական բաժին` բացատրություն տալու: Գնացել եմ,բացատրություն եմ գրել, ինչ կա՝ ներկայացրել եմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի վստահված անձ, լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը:
Նրան ոստիկանություն կանչել են 7/51 ընտրատեղամասում արդյունքների վերահաշվարկի ժամանակ «Ելքի» բացահայտած ընտրախախտումների համար: Հիշեցնենք, որ այդ տեղամասում տարօրինակ էր անվավեր համարված քվեաթերթիկների թիվը՝ 566 քվեաթերթիկից 148-ը անվավեր էր: Տեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ «Ելքի» անդամները՝ Հովակիմյանն ու Դավիթ Խաժակյանը նկատեցին, որ քվեաթերթիկի վրա քվեարկության հետքը կա, «պտիչկան» երեւում է, բայց թանաքը ցնդել է:
Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովի անդամները նույնպես նկատեցին, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, ուստի գործն ուղարկել են դատախազություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ