Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց ամբաստանյալների պաշտպանի միջնորդությամբ: Նա ժամանակ խնդրեց դատարանից, որ իր պաշտպանյալները կողմնորոշվեն՝ դատաքննության ժամանակ ցուցմունք տալու են, թե՝ոչ:
«Պատրաստված չէինք, մենք գիտեինք՝ տուժողներին ենք այսօր լսելու, խնդրում եմ՝ ժամանակ տրամադրեք՝ կողմնորշվենք ցուցմունք տալու ենք, թե՝ ոչ»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ դատարանին ներկայացրեց Լեւոն Ղազարյանի՝ երրորդմասցի Լյովիկի բնութագրերը՝ նշելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել է դրանք կցել քրեական գործին:
Դատարանը մերժեց տուժող կողմի իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 30-ին: Նիստը հետաձգելու լուրը լսելուց հետո դատական նիստին ներկա երրորդմասցի Լյովիկի մայրը բարկացավ. «Մի րոպե էլի, մի բան կարո՞ղ եմ ասել: Էս ինչ խաղեր եք տալիս, պաշտպանում եք մարդասպաններին»: Նա դժգոհեց, որ անընդհատ նիստը ձգձվում է:
Նրան դուրս տարան նիստերի դահլիճից:
Ի պատասխան կնոջ ռեպլիկների` ամբաստանյալներից Վահան Հակոբյանն ասաց. «Ի՞նչ մարդապսան, շա՞ռ ես»: «Մարդադսպան եք, բա ի՞նչ եք, խաղեր եք խաղում»,- հակադարձեց երրորդմասցի Լյովիկի մայրը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ