Միգուցե ոմանց դուրը չեկան խորհրդարանական ընտրությունների արդյունքները, բայց սա առաջին դեպքն էր, որ հետընտրական զարգացումները չստվերեցին դրանց արդյունքները: Այս կարծիքն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Հանրությունը սպասելիքներ ունի խորհրդարանից. Խոսրով Հարությունյանն առայժմ քաղաքական խարդավանքներ, կուլիսային դավեր չի տեսնում, մանավանդ, ինչպես խոստացել էր նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետը անմիջապես վերանշանակվեց, կառավարությունն էլ շուտով կձեւավորվի`նոր հետեւություններ կանենք:
Aravot.am-ի հարցին` խորհրդարանում իր մեկուկես ժամանոց ելույթում նախագահը խոսեց նաեւ Արցախի հարցի կարգավորման մասի, ըստ էության, մերժելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ձեւավորված մադրիդյան սկզբունքները, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծման տարբերակը. ինչո՞ւ նախագահը հիմա մտցրեց այդ հստակեցումները: Ի դեպ, նախագահի ելույթին հետեւեց Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը . ինչ-որ բա՞ն է փոխվում խնդրի կարգավորման գործընթացում: Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով նախագահը փաստեց, որ կազանյան փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների կատարելագործված փաստաթուղթն է, իսկ Տեր-Պետրոսյանի մոտեցումների մասով ուղղակի հստակեցումներ մտցրեց, որպեսզի շփոթ չառաջանա, քանզի դրանք լայն արձագանք գտան ոչ միայն մեր երկրում:
Մանրամասները` տեսանյութում
Խոսրով Հարությունյանը խորապես համոզված է` ցանկացած փաստաթուղթ, որում չլինի հանրաքվեի ժամկետ, չի ստորագրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ