Այսօր Aravot.am-ը «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանին հարցրեց՝ Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ի՞նչ է մեզ տալու եւ առհասարակ ՀԱՊԿ-ի արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում, տեսակետներ կան, որ ՀԱՊԿ կառույցը ձեւական բնույթ է կրում, երբ մեզ պետք է՝ իրենք ընդհանրապես մեր կողքին չեն:
Լեւոն Այվազյանը պատասխանեց, որ ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է: Ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա միջազգային պաշտոն է եւ գլխավոր քարտուղարն առաջին հերթին ՀԱՊԿ ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները պետք է առաջ տանի, ոչ միայն ՀՀ-ի: Դա նույնն է, եթե ասենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես գա Նորվեգիայի պաշտպանության շահերից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Հարավային Կորեայի շահերը պաշտպանի: Դա, իհարկե, այդպես չէ. «Մեր ազգային շահերը ՀԱՊԿ շրջանակներում այն է, որ բարձրանա ՀԱՊԿ-ի միջազգային վարկն ու հեղինակությունը, որպեսզի կատարելագործվեն ռազմական կառավարման համակարգը, ռազմական բաղադրիչը դառնա ավելի գործուն: Այն պարտավորությունները, որոնք կան, դրանց կիրառման գործուն մեխանիզմներ լինեն: Վերջին տարիներին դրական փոփոխություններ են նկատվում, որ ՀԱՊԿ մեխանիզմները դառնան գործուն եւ կարողանան կոնկրետ պահին կոնկրետ խնդիր լուծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ